ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նկատմամբ, ինչը դժգոհություն է առաջացրել Գերմանիայում: «Միություն 90/Կանաչներ» խմբակցության և Բունդեսթագի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Օմիդ Նուրիպուրը քննադատել է «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ ԱՄՆ հնարավոր նոր սահմանափակումները՝ գրում է DW-ն:
«ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անընդունելի են նույնիսկ «Հյուսիսային հոսք-2»-ի հակառակորդների համար։ Հենց մենք՝ Կանաչներս, որ միշտ պայքարել ենք գազամուղի դեմ, չենք կարող հասկանալ, թե ինչպիսի ընկերության են նրանք ձգտում, եթե պատժամիջոցներ են սահմանում երրորդ կողմի հետ բիզնես անող ընկերներին»,- ասել է պատգամավորը։
Նուրիպուրը նշել է, որ կուսակցությունը նախկինի պես գազատարը համարում է գերմանական կառավարության «սխալը», ոչ թե՝ ամերիկյան: Ըստ քաղաքական գործչի՝ ԱՄՆ-ը ոչ մի կապ չունի «Հյուսիսային հոսք-2»-ի հետ։
Կանաչների կողմից նման հայտարարություններ առաջին անգամ են հնչում։ Հաջորդ չորեքշաբթի կներկայացվի կոալիցիոն համաձայնագիրը, ըստ որի՝ կուսակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հաջորդ կառավարության մաս կկազմի: Ակնկալվում է, որ նրա անդամները կգլխավորեն ԱԳՆ-ն և էկոնոմիկայի ու կլիմայի նոր նախարարությունը։