ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնության հիման վրա, ըստ որի՝ քաղաքային ավտոբուսների ձեռքբերման և քաղաքային տրանսպորտային ցանցի վերազինման համար Հայաստանին է տրամադրվելու 25 մլն եվրո վարկային միջոցներ, որից 5 մլն եվրոն տրվելու է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից՝ որպես դրամաշնորհ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ: