Վիսկոնսին նահանգի Ուոքեշա քաղաքում Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմեքենայի վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի՝ վնասվածքներ ստացած ութամյա երեխան մահացել է հիվանդանոցում։ Մահացածներից երեքը 51-80 տարեկան կանայք էին, որոնք սիրողական խմբի պարողներ էին՝ գրում է Euronews-ը:
Եվս 50 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ դպրոցականներ և քահանա։ Նրանցից շատերը դեռ հիվանդանոցներում են։
Ողբերգությունը տեղի էր ունեցել կիրակի, երբ մեքենայի վարորդը մխրճվել էր ամբոխի մեջ՝ փորձելով թաքնվել ոստիկաններից՝ նախորդ հանցագործությունից հետո: Կասկածյալ Դարել Բրուքսը ձերրբակալվել է, նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար: Կասկածյալին ցմահ ազատազրկում է սպառնում։
Բրուքսին ազատ արձակելու համար պահանջվել է 5 միլիոն դոլար գրավ։ Դատավորը նման բարձր գումարը բացատրել է մեղադրյալի հարուստ քրեական անցյալով և այն փաստով, որ նա նախկինում թաքնվել է իրավապահ մարմիններից։
Դատավարության ժամանակ ոստիկանությունը հայտնել է, որ Բրուքսը միտումնավոր զիգզագ էր վարում մեքենան՝ հնարավորինս շատ մարդկանց հարվածելու համար: Ոստիկաններից մեկն ասել է, որ տղամարդու դեմքն այդ պահին շատ անհաղորդ, անզգացմունքային է եղել։