ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մինչև տարեվերջ երկու անգամ կհանդիպեն՝ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում, դեկտեմբերի 15-ին՝ Եվրամիության նախագահի առաջարկով Բրյուսելում: Օնլայն ասուլիսում պատասխանելով լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է բանակցել տարածաշրջանային լարվածությունը հաղթահարելու համար: Բրյուսելում կքննարկվի հումանիտար, այդ թվում՝ գերիների հարցը: Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին՝ արդյոք հանդիպումը կարո՞ղ է ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա, և կա՞ արդյոք պատերազմի վտանգ՝ վարչապետը նշեց.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով: Չենք խուսափում և չենք խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: Ինչի համար է ՊՆ նախարարների միջև կոմունիկացիան ձևավորվել. դա արվել է միջազգային միջնորդությամբ: Երկու կողմերը մեղադրենք սադրանքների և այլնի մեջ: Ես ՊՆ նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն կոմունիկացիան օգտագործի, Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնը անի Ադրբեջանի ՊՆ-ն, և պարզ դառնա՝ ով է շահագրգիռ սադրանքների մեջ: Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն, ըստ վարչապետի, պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Հետպատերազմյան էյֆորիայի մեջ գտնվող Ադրբեջանը փորձում է կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որ, Փաշինյանի գնահատմամբ, ժամանակակից աշխարհում գոյություն չունի:
Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը, ակնհայտորեն, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում: Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր: Այդ ովքեր են այդ տերմինները հորինում, ի՞նչ է նշանակում միջանցքային տրամաբանություն: Նախկինում հայտարարել, հիմա էլ հայտարարում ենք՝ «միջանցքային» տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու:
Վարչապետի խոսքով՝ «միջանցքային» տրամաբանությունը Ադրբեջանը զարգացնում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար: Հայաստանն ամեն ինչ կանի, որ դա չհաջողվի նրան: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների, այլ միջազգային իրավունքի հարց է:
Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ որտեղ ուզենք, կկանգնենք. սա ի՞նչ է նշանակում: Պետք է հասկանանք՝ նոր աշխարհակարգ է գործում, ով որտեղ ուզի՝ կկանգնի: Սա նշանակում է, որ նույն կերպ որևէ երրորդ երկիր Ադրբեջանի տարածքում որտեղ ուզի, կկանգնի՞: Կամ եթե Ադրբեջանը նման հռետորիկա է օգտագործում հայերի նկատմամբ, կամ սա նշանակում է, որ միջազգային իրավունքի նոր էջ է բացվում, ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային մյուս փաստաթղթերը գոյություն չունե՞ն. ով որտեղ ուզի կկանգնի, կսպանի, կներխուժի՞: Սա պետք է դառնա միջազգային լրջագույն քննարկման առարկա:
ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՎԱՐՉԱՊԵՏ
Ադրբեջանի գործողությունները հարձակում են Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության, ժողովրդավարության վրա՝ հայտարարեց վարչապետը. հարցը Երևանը պատրաստվում է հետապնդել միջազգային բոլոր հարթակներում: Հայաստանն է որոշում՝ ինչ ճանապարհով է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի հաղորդակցությունը. միջանցքային տրամաբանություն գոյություն չունի՝ ընդգծեց վարչապետը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված անխոչընդոտ երթևեկություն արտահայտությունը կիրառելով՝ պնդում է, թե սա հենց սուվերեն միջանցք է նշանակում:
Նիկոլ Փաշինյան - Եռակողմ աշխատանքային խումբը, Ադրբեջանի մասնակցությամբ, արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այսինքն՝ ճանապարհը, որն անցնում է, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո: Եվ ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով: Այսինքն՝ կա երկու հարց, առաջինը՝ սուվերենության հարցը, որը ՌԴ-ն ինքն արդեն հայտարարել է: Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել: Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ չկա: 2-րդը՝ ինչո՞ւ մեզ համար պետք է ընդունելի լինի այն, ինչ չկա, մենք դա ընդհանրապես ինչո՞ւ պետք է քննարկենք: Այստեղ է, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք», ասում են՝ եթե չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք: Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության առաջ:
Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ Հայաստանը կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ սուվերենության պահպանմամբ. Հայաստանը 30 տարի շրջափակման մեջ է, սա ապաշրջափակման հնարավորություն է՝ նշեց վարչապետը:Հաջորդը երթուղիների խնդիրն է:
Նիկոլ Փաշինյան - Եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, և ՀՀ-ն ասում է, որ պատրաստ է ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, Հայաստանն է որոշում, թե ինքն ինչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը, հակառակ դեպքում՝ ի՞նչ սուվերենություն: Այսինքն՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է որոշի, թե ինքն ինչպես մտնի, ինչպես դուրս գա. չի լինելու այդպիսի բան:
ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Հայաստանը միլիմետրերի ճշգրտությամբ գիտի Սովետական Հայաստանի սահմանները, և ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը չի լինելու սահմանազատման և սահմանագծման արդյունքի մասին: Լինելու է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքով զբաղվող հանձնաժաղով:
Նիկոլ Փաշինյան - Համացանցում քարտեզներ են ի հայտ գալիս, հնչում են պնդումներ, որ, տեսեք՝ Սովետական Հայաստանի քարտեզն է, այս տարածքը Սովետական Հայաստանի սահմանից ներս է: Մենք այդ հայտարարության հեղինակներին սիրով և հարգանքով հրավիրում ենք, որպեսզի ներկայացնեն իրավական հիմքերը: Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք, թե Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները: Սահմանազատման և սահմանագծման հետ կապված կասեմ, որ դա գործընթաց է, որը պետք է մանրամասն բանակցվի, և ՀՀ-ն պետք է իր իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը պաշտպանի: Սա աներկբա է:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանին «միջանցք տալու» վերաբերյալ խոսակցություններին, նաև հարցին՝ արդյոք Հայաստանի համար կարո՞ղ է ընդունելի լինել Երևան-Գորիս, Տիգրանաշեն, Ոսկեպար հատվածների՝ ադրբեջանական հսկողության տակ հայտնվելը: Լուծումների հասնելու համար Հայաստանը տրամադրված է կառուցողական, միաժամանակ, չի ընդունելու հարկադրանքի քաղաքականություն:
Նիկոլ Փաշինյան - Մեզ մեղադրում են, ասում են՝ Ղարաբաղը տվեցին: Եթե Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր լինի: Կամ ասում են՝ սա են տալիս, նա են տալիս՝ այս շաբաթ, վաղը, մյուս օրը: Ընդհակառակը, եթե մենք այդպիսին ենք, մեր հակառակորդները գիտեն, որ պատրաստվում ենք զիջել Հայաստանի շահերը, ամեն ինչ կանեն, որ այստեղ հանգիստ լինի, ոչ մի բորբոքում չլինի: Յուրաքանչյուր կրակոց մեր ուղղությամբ վկայություն է, որ մենք Հայաստանի շահերը չենք զիջում, կռիվ ենք տալիս:
Հայաստանի խնդիրն է, բոլոր միջազգային լծակները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:
Նիկոլ Փաշինյան - Այդ ամենը նմանվում է միջազգային խուլիգանության: «Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների: Եվ մենք պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի, ինքնիշխանության, պետականության անկախության և ժողովրդավարության: Ժողովրդավարության գագաթնաժողովին ես սա եմ ի ցույց դնելու, որ տարածաշրջանում կան ուժեր՝ ի դեմս Ադրբեջանի, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների: Միջազգային մեխանիզմները պետք է գործի դնել ընդդեմ Ադրբեջանի։
ՀՀ-Ն ԻՆՏԵՆՍԻՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված անձանց. 24 զինծառայող, որոնց հետ կապն ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են: Հայաստանն ինտենսիվ աշխատում է բոլորին վերադարձնելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան - Ունենք վեց հաստատված զոհ, ունենք 24+8 գերեվարված, տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն: Կա վիրավոր գերիների մեջ, վիրավորվել է և չէր կարող դիմադրել:
ՄԽ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Արդյոք Հայաստանի օրակարգում կա Արցախի ճանաչման հարցը։ Փաշինյանը հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է հայտնի սկզբունքների հիման վրա: Վարչապետը կարևորեց Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյան - Պետք է հասկանանք՝ Ղարաբաղի ճանաչումն ինչ կտա: 30 տարի հարցը քննարկվել է, և որոշում այդպես էլ չի կայացվել, որովհետև բոլորը հասկացել են, որ Հայաստանն առնվազն առաջինն ու միակը չպետք է լինի, որ նման որոշում կայացնի: Պետք է հասկանանք՝ դա ինչ է տալու: Հայկական կողմի մեծագույն խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերաբերյալ մեր դիրքորոշումները հաղորդակցության մեջ դնել միջազգային դիրքորոշումների հետ: Խնդիրը պետք է հաղորդակցության մեջ լինի միջազգային նորմերի, դիրքորոշումների և ընկալումների հետ, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը վաղուց լուծել էր այդ հարցը: Եվ սա մեր մեծագույն խնդիրն է և եղել է միշտ:
Հարցին ի պատասխան, թե արդյոք դիտարկո՞ւմ է Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի մաս ճանաչելը՝ վարչապետը նշեց, որ եթե այդպես լիներ, պատերազմ չէր սկսվի: Ինչ վերաբերում է անկլավների հարցին՝ նշեց՝ անհրաժեշտ է հասկանալ՝ դրանք քարտեզներին նկարված են, թե ունեն իրավական հիմք: Այդ հարցերը լրջորեն դիտարկվել են: Վարչապետն անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերերություններին՝ հայտարարելով, որ Երևանը կողմ է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյան - Մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, մենք ուզում ենք քննարկել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարց։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց մենք մի հարց ենք ուզում տալ Ադրբեջանին և Թուրքիային՝ իրենք ուզում են Հայաստանը ոչնչացնե՞լ, թե՞ չէ։ Նրանք ուզում են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել և ավարտի՞ն հասցնել, թե՞ չէ։
Եթե այո՛, մեր ընտրությունը ո՞րն է՝ բացի դիմադրությունից։
Եթե ոչ, ուրեմն՝ կա այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու պատմական շանս՝ եզրափակեց վարչապետը: