Գյումրի արդեն հնարավոր է հասնել ավելի կարճ ու հարմարավետ ճանապարհով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։
Արամ Պետրոսյան (վերահսկող կազմակերպության թիմի ղեկավարի տեղակալ) - Նախկինում ճանապարհը դեպի Գյումրի Թալինով էր անցնում: Այս ժամանակավոր միացումը իրականացված է, որպեսզի Երևան - Գյումրի երթևեկությունը Թալինի միջով չանենք:
Ճանապարհի կառուցումը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին՝ բավական որակյալ է՝ վստահեցնում է ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկող իտալական կազմակերպության ղեկավարը:
Պոլ Կլարկ (վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար) - Ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկվում են բրիտանական չափորոշիչներով: Դրանք տարբերվում են թե՛ որակական հատկանիշներով, թե՛ անվտանգության բարձր մակարդակով: Մեկ օրինակ. երկու ուղղության դեպքում ճանապարհն առանձնացված է արգելապատնեշով, ինչը նվազեցնում է հանդիպակաց եկող մեքենաների բախման հավանականությունը:
Ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվում են նաև Ճանապարհային նշաններ, որոնք, սակայն, բավական հաճախ նպատակին չեն ծառայում: Դրանք գողանում են և օգտագործում, օրինակ, որպես թոնրի կափարիչ:
Ճանապարհով առայժմ թույլատրվում է երթևեկել 50 կմ/ժամ արագությամբ: Ասֆալտապատվել է Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի մոտ 50 կիլոմետրանոց հատվածը։ Հաջորդ տարվանից կմեկնարկեն նաև Տրանշ 2-ի կառուցման աշխատանքները:
Տրանշ 3-ում աշխատանքներն իրականացնում է չինական սինոհիդրո կազմակերպությունը: Նախատեսվում է այդ հատվածում ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան