Հունաստանի Սալոնիկ քաղաքում գրանցվել է ադրբեջանական հերթական սադրանքը։ Քաղաքի հասարակական տրանսպորտի վրա հայտնվել են ադրբեջանական գովազդային պաստառներ՝ «Շուշի-Ադրբեջան» գրառմամբ։ Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Սալոնիկի քաղաքային իշխանություններից պահանջել են արգելել այդ ավտոբուսների աշխատանքը։ «Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի»,- հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
*****
Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ Ակցիաները ցրելու համար ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ: Կան բերման ենթարկվածներ։
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել. մեկ դոլարն արդեն արժե մոտ 13 լիրա։ Վերջին 12 ամսվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է ավելի քան 35 տոկոսով: Էրդողանի ներկայիս քաղաքականությունը բնութագրվում է որպես տնտեսական նոր մոդելի անցման փորձ. Թուրքիայի կառավարությունը նվազեցնում է բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները, ինչը հանգեցնում է նաև լիրայի արժեզրկման: Այսպես Էրդողանը նպատակ ունի բարձրացնել թուրքական ապրանքների մրցունակցությունը և խթանել արտահանումը: Այս քաղաքականություն, սակայն, հանգեցրել է նաև աննախադեպ գնաճի՝ առաջացնելով դժգոհություն հանրային ու քաղաքական շրջանակներում:
*****
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայազգի բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին պարգևատրել է Բենեմերենտիի մեդալով՝ մարդկությանը մատուցած բացառիկ ծառայության համար։ Էրիկ Էսրաիլյանն այս պարգևին արժանացած առաջին հայազգի գործիչն է։ Նա աջակցել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՝ դառնալով «Խոստումը» և «Ֆրանչեսկո» ֆիլմերի պրոդյուսեր: «Հարկավոր է ավելի շատ անդրադառնալ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին և առողջապահական հարցերին»,- նշել է հայազգի պրոդյուսերը՝ կարծիք հայտնելով, որ գիտության և պատմության մասին բարձրաձայնելը կարող է հզոր ազդեցություն ունենալ։
*****
Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկստագում, կայացած քվեարկության արդյունքում երկրի վարչապետ է ընտրվել Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը։ Նա երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։ Անդերսոնի թեկնածությանը կողմ է քվեարկել 117, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57 պատգամավոր։