Հայաստանում խելացի գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները փորձում են թվայնացնել իրենց բիզնեսը: «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Արդեն ստեղծել են խելացի գյուղատնտեսության առցանց հարթակ, որտեղ կգործակցեն թե՛ Սևծովյան ավազանի տարածաշրջանի ֆերմերները, թե՛ նորագույն թվային տեխնոլոգիաներ առաջարկողները:
Անի Հակոբյան («Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի խելացի գյուղատնտեսություն ծրագրի ղեկավար) - Հարթակը հագեցած է բավականին հարուստ գործիքակազմով, որը հնարավորություն է տալու խելացի գյուղատնտեսկության ոլորտի ներկայացուցիչներին անդրսահմանային կապեր հաստատել մյուս երկրների նմանատիպ թե՛ գործարարների, թե՛ ֆերմերների, թե՛ տեխնոլոգիա առաջարկողների և փնտրողների միջև, և միևնույն ժամանակ համալիր գիտելիք է տրամադրելու ոլորտի ներկայացուցիչներին:
Ինչպես տեխնիկան համադրել թվային ծրագրերի հետ: Բաց դաշտում ոռոգման համակարգի հեռակառավարման փորձը Հայաստանում արդեն կիրառել է ծրագրային մշակմամբ զբաղվող ընկերություններից մեկը:
Սերյոժա Բարխուդարյան (թվային ծրագրերի մշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ) - Օգտատերը կարող է հեռախոսով ինտերնետային կայքի միջոցով ամբողջ իր ոռոգման պրոցեսը հեռակառավարել առցանց, տնից, դրսից, հանգստի տեղից:
Մեկ այլ ընկերություն էլ առաջարկում է ջրի խնայողության իր գիտական մշակումը: Ակվասորս նյութը, որ թարգմանաբար նշանակում է ջրի աղբյուր, ըստ էության, ոռոգումը կրճատում է 60 տոկոսով:
Աշոտ Բաղդասարյան (գիտահետազոտական ընկերության տնօրեն) - Այն կուտակում է ջուրը, օդից, ջրից, ոռոգումից, շաղից պահում-պաշարում է ջուրն իր մեջ և վերադարձնում է բույսին:
Մասնագետները վստահ են՝ գյուղատնտեսությունում թվային ծրագրեր իրագործելով՝ այն կդառնա ավելի մատչելի և արդունավետ:
Անի Հակոբյան - Խելացի անասնագոմերի օրինակը կարող եմ բերել, երբ խելացի անասնագոմերի միջոցով կարողանում ենք լիովին վերահսկել. թե՛ կաթի արտադրությունը, թե՛ կաթի գործընթացը, թե՛ որակի գործընթացը շատ արդյունավետ է դառնում, միևնույն ժամանակ՝ ավելի քիչ ծախսատար:
Հայաստանում խելացի գյուղատնտեսությամբ զբաղվող շուրջ 100 ֆերմեր կփորձի գործընկերներ գտնել Հունաստանում, Վրաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում և Ռումինիայում: