Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին, որի մեկնարկից առաջ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես, Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ միջոցառման անցկացման ու պարզապես հայերի կողքին լինելու համար:
Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքները սարսափելի են, կորուստները՝ անդառնալի: Ծավալուն ելույթում ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանի ու Արցախի խաղաղասեր ժողովուրդը ստիպված էր պայքարել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ու վարձկան ահաբեկիչների դեմ: Օրենսդրի ղեկավարը հիշեցրել է, որ դա ոչ միայն վայրագ հարձակում էր Արցախի և արցախահայության հիմնարար իրավունքների, նրանց կյանքի և ֆիզիկական անվտանգության դեմ, այլև բռնատիրությունների կողմից հարձակում էր՝ ընդդեմ ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի ու Արցախի:
Այդուհանդերձ, դժվարին կորուստներն ու հետևանքները չկոտրեցին մեր ժողովրդի ոգին՝ նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից մեկ տարի անց հայ ժողովուրդը լիահույս է, որ բարեկամների օգնությամբ կհաղթահարի մարտահրավերը: Դիմելով առաջադեմ մարդկությանը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանի կողմից շարունակաբար տեղի են ունենում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ և պատերազմական հանցագործություններ:
ԱԺ նախագահն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» ընդունած բանաձևի և դրա նշանակության համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք՝ բանակցային գործընթացի ամրապնդման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել 2021թ. ապրիլին 23-25-ին Սենատի նախագահ Ժերար Լարշեի և վերոնշյալ բանաձևի ընդունմանը սատարած հինգ քաղաքական խմբերի ղեկավարների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:
«Նախագահ Լարշեի և նրա պատվիրակության՝ Երևանում հնչեցրած ազդեցիկ ուղերձներով, Ֆրանսիայի Սենատը ևս մեկ անգամ իր սկզբունքային հավատարմությունը հաստատեց համամարդկային արժեքներին և իր անվերապահ համերաշխությունը՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահն արժևորել է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:
Խոսելով Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններից՝ Ալեն Սիմոնյանն առանձնակի կարևորել է Սենատի և Ազգային ժողովի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը, որը, ըստ ԱԺ նախագահի, նոր լիցք կհաղորդի օրենսդիր մարմինների միջև առկա համագործակցությանը: