Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ այսօր սկսվեց Սերժ Սարգսյանն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը: Այս գործով պատասխանող է նաև Ազգային ժողովի աշխատակազմը:
Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտարարեց՝ պահանջում են, որպեսզի Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հերքի Սերժ Սարգսյանի մասին արված արտահայտությունները:
Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյան - Մեր պահանջն է պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով բանավոր հերքել զրպարտություն հանդիսացող «բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը:
Այս եղանակով հերքում տարածելու անհնարինության դեպքում Սարգսյանի փաստաբանը պահանջում է նաև, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ-ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում:
Վահագն Գրիգորյան - Եվ երրորդ պահանջը՝ Խաչատուր Սուիքասյանից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում։ Ընդ որում՝ հայցադիմումի մեջ նշել ենք և այս պահին էլ պնդում ենք, որ հայցվորի կողմից ողջ գումարը անմիջապես ամբողջությամբ կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանն էլ նշեց, որ իր վստահորդի արտահայտությունները եղել են գնահատող դատողություններ։
Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյան - Սույն դեպքում առկա է գերակա հանրային շահ, քանի որ Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները լրացրել են արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող բանավեճը, նրա ներկայացրած տեղեկությունը վայելում է հասարակական լայն հետաքրքրություն, քննարկվող ավելի քան մեկ տասնյակ տարի, ուստի այդ տեղեկությունը մտնում է ազատ խոսքի հատուկ պաշտպանության տակ և չի կարող հանգեցնել պատասխանատվության:
Փաստաբանը հավելեց՝ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի պատիվը և արժանապատվությունը արատավորելու դիտավորություն չի ունեցել:
Եզրափակելով՝ պատասխանողի ներկայացուցիչն ասաց՝ Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանին չի մեղադրել որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման համար, ուստի խնդրեց հայցը մերժել: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մյուս տարի՝ հունվարին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքներին առնչվող քրեական գործ է քննվում, որի շրջանակում նա դեռ որևէ կարգավիճակ չունի և չի հարցաքննվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան