Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ Ակցիաները ցրելու համար ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, կան բերման ենթարկվածներ։
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել. մեկ դոլարն արդեն արժե մոտ 13 լիրա։ Վերջին 12 ամսվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է ավելի քան 35 տոկոսով:
Էրդողանի ներկայիս քաղաքականությունը բնութագրվում է որպես տնտեսական նոր մոդելի անցման փորձ. թուրքական կառավարությունը նվազեցնում է բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները, ինչը հանգեցնում է նաև լիրայի արժեզրկման: Այս կերպ Էրդողանը նպատակ ունի բարձրացնել թուրքական ապրանքների մրցունակցությունը և խթանել արտահանումը: Այս քաղաքականությունը, սակայն, հանգեցրել է նաև աննախադեպ գնաճի՝ առաջացնելով դժգոհություն հանրային ու քաղաքական շրջանակներում:
ՄԻԵԴ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ալիևի վարչակազմից պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով մի շարք լրատվական կայքերի արգելափակման վերաբերյալ։ Ադրբեջանական դատարանը 2017 թվականին կայքերի արգելափակման վճիռը հիմնավորել է «ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի և անկարգությունների կանխարգելման նկատառումներով»:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՑ
Միջուկային գործարքն ամբողջությամբ վերականգնելու հնարավորության պատուհանը հավերժ բաց չի մնա, եթե համաձայնագիրը չերաշխավորի, որ Իրանը դրանից կշահի։ Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի անարդարացի պատժամիջոցները վերացնելու շուրջ բանակցությունների վրա։ Միացյալ Նահանգները, սակայն, չի պատրաստվում միակողմանի միջոցներ ձեռնարկել և վերացնել պատժամիջոցները՝ Իրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Համաձայնագրերին փոխադարձ վերադարձը բխում է Միացյալ Նահանգների, միջազգային հնգյակի և, ինչպես եզրակացրել են Իրանի նախորդ կառավարությունները, Թեհրանի շահերից»,- ասել է Փրայսը:
Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների վերամեկնարկը նախատեսված է մի քանի օրից՝ նոյեմբերի 29-ին:
ԲԵԼԱՌՈՒՍԻՑ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ
Եվրամիությունը մոտ 3․5 մլն եվրո կհատկացնի Բելառուսից հայրենիք վերադարձող միգրանտներին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ավելի ու ավելի շատ միգրանտներ են հայտնվում թակարդում, և մենք կհամագործակցենք ՄԱԿ-ի գործակալությունների հետ՝ հեշտացնելու նրանց հայրենադարձումը»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը կեռապատկի նաև 2021 և 2022 թվականների համար Լիտվային, Լատվիային և Լեհաստանին հատկացված միջոցները՝ սահմանների ամրապնդման համար։
ԵԹՈՎՊԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԶՈՐՔԸ
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին հայտարարել է, որ կգլխավորի երկրի զորքերը Տիգրայ շրջանի ապստամբների դեմ պայքարում, որոնք արդեն մոտենում են մայրաքաղաք Ադիս Աբեբային։ Նա քաղաքացիներին կոչ է արել միանալ նրանց, ովքեր այժմ պայքարում են ապստամբների դեմ: «Կհանդիպենք ռազմաճակատում»,- հայտարարել է նա:
Աբի Ահմեդ Ալին 2019 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու վճռական ջանքերի համար։ Եթովպիայի կառավարական ուժերի և Տիգրայ նահանգի ապստամբների միջև հակամարտությունը շարունակվում է արդեն մեկ տարի: