Եվրամիությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չեղարկել Դոնբասի հետ առևտուրը հեշտացնող հրամանագիրը՝ հայտնում է РИА Новости-ն։
ԵՄ-ն պնդում է, որ Ռուսաստանի և ինքնահռչակ հանրապետությունների միջև ներմուծման ու արտահանման քվոտաները վերացնելու մասին հրամանագիրը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել միակողմանի որոշումներն ու միջոցառումները, որոնք հրահրում են հակամարտության հետագա սրումը Ուկրաինայի արևելքում, խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է Բրյուսելի ուղերձում:
Նոյեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին»։ Համաձայն այդ ակտի՝ Դոնբասում արտադրված ապրանքները պետք է թույլատրվեն պետական գնումներին՝ ռուսականի հետ հավասար։
Պուտինը նաև հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ հանրապետություններից ռուսական շուկա ապրանքների մուտքի պայմանները մեղմելու համար։ Հրամանագիրն ուժի մեջ կմնա մինչև Դոնբասում քաղաքական կարգավորումը՝ հիմնված Մինսկի պայմանավորվածությունների վրա։