Սեպտեմբերին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններով ավարտվեց ոչ միայն Անգելա Մերկելի, այլև նրա ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ժամանակաշրջանը՝ գրում է BBC-ն:
Գերմանական երեք կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատները, Կանաչները և Ազատ դեմոկրատները, պայմանավորվել են ձևավորել Գերմանիայի նոր կառավարություն՝ սոցիալիստների առաջնորդ Օլաֆ Շոլցի գլխավորությամբ։
Բունդեսթագի ընտրություններում Շոլցի սոցիալ-դեմոկրատները գրավեցին առաջին տեղը, Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» զբաղեցրեց երկրորդ տեղը և դարձավ ընդդիմություն: Մյուս երկու կուսակցությունը՝ Կանաչներն ու Ազատ դեմոկրատները, որոշեցին միանալ սոցիալ-դեմկորատներին, և քրիստոնեադեմոկրատները 16 տարվա կառավարումից հետո չընդգրկվեցին նոր կառավարության կազմում: Կառավարության ձևավորումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի դեկտեմբերին։ Փորձագետների կարծիքով՝ Գերմանիայի կանցլեր կընտրվի Օլաֆ Շոլցը:
Այժմ գերմանացի և եվրոպացի դիտորդները հարց են տալիս, թե որքանով կայուն և ունակ կլինի ձախ կենտրոնամետ (սոցիալ-դեմոկրատներ), ձախ (կանաչ) և աջակողմյան լիբերալներ (ազատ դեմոկրատներ) ուժերից կազմված կառավարությունը։
Նրանք ընդունում են, որ Եվրամիության ամբողջ քաղաքականությունը որոշակիորեն կախված է Գերմանիայի քաղաքականությունից։