ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող համապատասխան քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները, շարժառիթը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 39-ամյա բնակիչ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տղամարդու դիակը հայտնաբերվել էր Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով։
Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, հետաքննության մարմնին տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 39-ամյա համագյուղացու հետ անձնական և գումարային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին և տեսնելով, որ նա անշարժացել է՝ դիմել է փախուստի։
Համագյուղացուն սպանելու կասկածանքով հիշյալ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքների շուրջ տվել ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մանրամասն նկարագրել է դեպքը։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: