Հասարակական տրանսպորտում և տաքսիներում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը: Այսօր տեսուչներն առավոտյան՝ տրանսպորտի գերբեռնված ժամերին, Ավանում են եղել:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Ավտոբուսում ուղևորների գերբեռնվածություն ենք տեսնում, իրենք կանգնած իրավունք ունեն երթևեկելու, սակայն համապատասխան դիստանցիա չեն պահպանել: Հիմա ես պարտադիր կատարման ցուցում տվեցի վարորդին, որպեսզի նման գերբեռնվածություններ չունենա:
Որ ուղևորներն աշխատանքից կամ դասից չուշանան, տեսուչները նախազգուշացում տվեցին, վարորդին նաև հորդորեցին՝ չմոռանալ սոցիալական հեռավորության մասին, առանց դիմակի քաղաքացիներին էլ չթույլատրել ավտոբուս բարձրանալ, հակառակ դեպքում ստիպված կլինեն և՛ իրեն, և՛ տնտեսվարողին պատասխանատվության ենթարկել:
Հակոբ Բաղդասարյան - Մենք հիմնականում սկզբից տալիս ենք նախազգուշացում, պարտադիր կատարման ցուցում, մեզ մոտ ֆիքսվում է տվյալ տվյալ տրանսպորտային միջոցի մակնիշն ու պետհամարանիշը, երկրորդ նույն խախտումը կատարելու պարագայում կազմվում է արձանագրություն, վարույթի արդյունքում նշանակվում է տուգանք:
Տեսչականին կցված պարեկներն էլ մանրամասն ստուգեցին վարորդների փաստաթղթերը: Ըստ ոստիկանների՝ ավելի շատ խախտումներ բացահայտել, արձանագրություն կազմել են հենց ուժեղացված ստուգայցերի ժամանակ: Քիչ չեն դեպքերը, երբ տուգանելուց ժամեր հետո տնտեսվարողը վերացրել է խախտումը, նորից երթուղի դուրս եկել:
Արտյոմ Պետրոսյան (պարեկ) - Ստուգում ենք մեքենայի փաստաթղթերը, տեխանձնագիրը, վարորդական վկայականը, դրանց ուժի մեջ գտնվելը, ինչպես նաև վարորդականում կարգի գոյությունը: Ժամկետանց վարորդական վկայականի տուգանքի չափը 10.000 է, ապահովագրությանը՝ 100.000:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մի քանի ժամում Ավանում 45 տրանսպորտային միջոց ստուգեց ու 7 արձանագրություն կազմեց, 2-ը՝ վարորդի՝ դիմակ չդնելու, 5-ն էլ՝ վարորդական փաստաթղթերում բացթողումների համար: