Սահմանապահ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է՝ ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Վաղը՝ նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:50-ին, Հանրային հեռուստատեսության եթերով կմեկնարկի 24-րդ Հեռուստամարաթոնը՝ «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ձևաչափով՝ հաշվետու ֆիլմի տեսքով, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում:
2020 թվականը համայն հայության համար լի էր բազում մարտահրավերներով ու վայրիվերումներով՝ կորոնավիրուսային համավարակ, տավուշյան մարտեր, Բեյրութի պայթյուն և վերջապես 44-օրյա ծանր պատերազմ։ Այդ առումով տարին նաև բացառիկ ու աննախադեպ էր հայ ժողովրդի միասնականության առումով:
Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում, իսկ ավելի ուշ կհեռարձակվի նաև արբանյակային կապով: Նոյեմբերի 25-ից հետո այն հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում:
Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ 24-րդ Հեռուստամարաթոնը կանցկացվի նաև Լոս Անջելեսում տեղական ժամանակով 16:00-ին:
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր հազարավոր հայրենակիցների կյանքերը: