Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին:
Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես, Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու հայերի կողքին լինելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ նման խորագիրը կրող միջոցառումը Ֆրանսիայի այս բարձր ամբիոնից և այս ջերմ մթնոլորտում անցկացնելը վկայությունն է այն ամուր բարեկամության ու վստահության, որ մեր երկրներն ունեն իրենց փոխհարաբերություններում և մեր ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող լարվածությանը, 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակաբար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:
«Միջազգային հանրությանը, կարծում եմ, պարզ տեսանելի է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է, ինչպես և նրանց հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքն ու կտտանքները, որոնք փաստագրված են միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից»,- ասել էՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը:
ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրն արժևորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:
Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամությանը և Արցախի խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը՝ հատուկ շեշտելով՝ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է: Նրա համոզմամբ՝ հայ ֆրանսիական հարաբերությունները մշտապես եղել են և կլինեն բարձր մակարդակի վրա, դրանց հիմքում երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերն են:
Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հանգամանալի խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի անդառնալի հետևանքների, այս նոր իրավիճակում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Նա ներկայացրել է առաջիկա տարիների համար Արցախում իրականացվող սոցիալական, բնակարանաշինական ծրագրերը: Հովհաննես Գևորգյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված անձանց վերադարձի և նրանց իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերը:
Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:
Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ. ասել է Ֆրանսիայի Սենատի Հանրապետականներ խմբակցության ղեկավար Բրունո Ռտայոն և հավելել՝ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որն ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև: Բրունո Ռտայոն խոսել է նաև Ադրբեջանի իրականացրած ռազմատենչ քաղաքականության մասին:
Արցախի դեմ պատերազմի սանձազերծման և Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից. նշել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն: Նա դիվանագիտական հարթակում իրավիճակի հաղթահարման առումով բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի կողմից Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձևերի ընդունումը: Խորհրդարանականը խոսել է նաև Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարևորության մասին: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է. ընդգծել է ֆրանսիացի սենատորը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: