Իրանական փախլավա, թեյեր, մուրաբաներ: Ընկերության հիմնադիրը վստահեցնում է՝ ամբողջը բնական ապրանքներից պատրաստած առողջ սնունդ է: Հարևան երկրից ժամանած գործարարն իր արտադրությունը առաջին անգամ է ներկայացնում Հայաստանում: Ակնկալում է տեղում կապեր հաստատել և ներկայացված լինել հայաստանյան շուկայում:
Մուհամմադ Տաբախ Շաբանի (իրանցի գործարար) - Մեր այցի բուն նպատակը հենց արտահանումը կազմակերպելն է: Ցանկանում ենք այստեղ կենտրոն ունենալ, որը կզբաղվի այդ ամենով:
Հայաստան ժամանած տասնյակ իրանական ընկերություններից յուրաքանչյուրը նույնպես նման ցանկությամբ է այստեղ: Չնայած փոքր ծավալներին՝ իրանական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանով: Երևանյան «Եվրասիա-21» էքսպոյին ներկայացված ձեռնարկությունների գերակշիռ մասը հենց հարևան երկրից է: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացված է բազմազան արտադրությամբ՝ բնական հյութերից մինչև ալյումինե իրեր: Այս ամենը առաջիկայում կարող է հայտնվել ոչ միայն հայաստանյան շուկայում, այլև ԵԱՏՄ անդամ-պետություններում: Այս առումով Երևանը Թեհրանի համար կարող է ինտեգրացիոն կառույցի դարպաս դառնալ՝ համոզված է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հայաստան ժամանած իրանցի բիզնեսմենները տեղի գործարարների հետ կհանդիպեն, ինչը կնպաստի տեղի արտադրողներին դուրս գալ միջազգային շուկա: Տարիներ շարունակ թեյի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Գայանե Խաչատրյանը հավատում է նման հնարավորության իրագործմանը:
Ցուցահանդեսը լավ հնարավորություն է հենց փոքր և միջին բիզնեսի համար՝ ներկայանալու միջազգային գործընկերներին. այս ուղղությունը, հենց բիզնեսմենների համոզմամբ, տարիներ հետո կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կարևոր հիմքերից մեկը: