Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկման էր հրավիրել մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Սպորտային ոլորտի խնդիրներն ու օրենսդրական բացերը ներկայացվել են օրենսդրին՝ իրավական դաշտում լուծումներ գտնելու ակնկալիքով: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով՝ պետք է արագ կանոնակարգվի արևելյան մարտարվեստներ դասավանդող խմբերի գործունեությունը, կարևոր է, որ մասնագիտական որակավորում անցնեն նաև մարզասրահների ու ֆիթնես ակումբների մարզիչները:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Արդյոք ֆիթնես ակումբներում աշխատող մարզիչներն իրավունք ունե՞ն մարզիչ աշխատելու. շատ դեպքեր գիտեմ, որ մարդիկ ողնաշարի խնդիր են ստացել, մկանային խնդիրներ են ստացել, զանազան այլ խնդիրներ են ստացել, որովհետև ինչ-որ մեկը մի քանի անգամ տրենաժորի վրա վարժություն է արել, արդեն որոշել է, որ կարող է մարզիչ աշխատել. գնացել է ու մարզիչ է աշխատում:
Դավիթ Խիթարյան (ՀՖԿՍՊԻ ռեկտոր) - Օրենքն ասում է, որ պետական մարզադպրոցներում աշխատող մարզիչները պետք է ունենան մասնագիտական որակավորում, իսկ ստացվում է, որ մասնավոր ակումբները կամ մասնավոր ֆիթնես-ակումբները, մասնավոր ֆեդերացիաներն այդ օրենքի կիրառման կետը չեն պահպանում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որտեղ աշխատում են մարզիչներ՝ առանց մասնագիտական որակավորման, և կխնդրեի, որպեսզի սա օրենքի ուժ ստանար, և այլևս օրենքը հավասարազոր լիներ բոլորի համար: