Հայաստանում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության ընթացակարգը հունվարի 1-ից կպարզեցվի: Գործընթացն ամբողջությամբ թվայնացվելու է:
Արմեն Ղազարյան (ՀՀ միգրացիոն ծառայության պետ) - Փոփոխությունը, որը կատարվել է օրենքում, նախատեսում է, որ օտարերկրացին Հայաստանում ստանալու է մեկ փաստաթուղթ, այն է՝ ժամանակավոր կացության կարգավիճակ՝ աշխատանքի հիմքով, որը նրան հնարավորություն է տալու ինչպես օրինական բնակվել Հայաստանում, այնպես էլ աշխատանքային գործունեություն ծավալել:
Հիմա օտարերկրացին աշխատանքի թույլտվություն պետք է ստանա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ապա ժամանակավոր կացության կարգավիճակ՝ ոստիկանությունից: Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ փաստաթղթային այդ ամբողջ գործընթացը տևում է 2-3 ամիս, իսկ հունվարից գործարկվող էլեկտրոնային հարթակի միջոցով այն կտևի մեկ ամիս:
Արմեն Ղազարյան - Գործատուն հարթակի միջոցով տեղադրելու է այն աշխատանքի նկարագիրը, որի համար ցանկանում է ներգրավել օտարերկրացի աշխատողի: Եթե այդ աշխատանքի նկարագրին համապատասխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության համապատասխան ստորաբաժանումը գտնում է համարժեք ՀՀ քաղաքացուն՝ 15 օրվա ընթացքում, առաջարկվում է անցնել աշխատանքի նշված գործատուի մոտ: Եթե ձեռք է բերվում համաձայնություն, աշխատանքի է անցնում ՀՀ քաղաքացին:
Իսկ եթե համաձայնություն ձեռք չի բերվում, 15-օրյա ժամկետը լրանում է, ապա հարթակում լրացվում են օտարերկրյա աշխատողի տվալները, որոնք ստուգելուց հետո նրան կամ մերժում, կամ էլ տրամադրում են ժամանակավոր կացության կարգավիճակ:
Արմեն Ղազարյան - Ունենք նաև օտարերկրացիների մասին օրենքով սահմանված բացառությունների ցանկ, որում ընդգրկված մասնագիտությունների պարագայում ՀՀ քաղաքացի չի առաջարկվում. այդ պարագայում ժամկետը կտևի ավելի կարճ:
Հարթակն արդեն գրեթե պատրաստ է, փորձարկումների փուլում է:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Երբ ընթացակարգն ավարտված է, և աշխատանքի թույլտվությունը հատկացված է, օտարերկրացի քաղաքացին մոտենում է միգրացիոն ծառայություն, ստանում է իր պլաստիկ քարտը, որը միաժամանակ հանդիսանում է և՛ աշխատանքի թույլտվություն, և՛ ՀՀ-ում ժամանակավոր կացության համար իրավունք՝ կացության կարգավիճակ:
Աշխատանքի թույլտվության էլեկտրոնային հարթակի գործարկմանն աջակցում է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Իլոնա Տեր- Մինասյան (Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար) - Այդպիսի համակարգը անհրաժեշտ է առաջին հերթին, որպեսզի աջակցենք տնտեսության զարգացմանը, իրականացվեն օտարերկրյա ներդրումներ, ստեղծվեն բարենպաստ պայմաններ, որպեսզի միջազգային խոշոր ընկերությունները Հայաստանում իրենց բիզնեսը տեղակայեն: Բացի այդ, համակարգը հնարավորություն է ստեղծում տվյալների հավաքման և ավելի լավ հասկանալու, թե տնտեսության կոնկրետ որ ոլորտներում են աշխատում օտարերկրյա մասնագետները:
Համակարգի ներդրմամբ կրճատվում է նաև վարչարարությունը. պետական կառույցների հետ առնչվող ամբողջ գործընթացն իրականացվելու է նույն հարթակում: