Առաջինը և բնույթով միակն ամբողջ աշխարհում: 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա՝ համադրված 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակով: Արագածի լանջի գիտական հսկան՝ Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը, հնարավորություն է տալիս զննել տիեզերքը երկու տիրույթներում՝ օպտիկայի և ռադիոալիքների: Ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա՝ գիտական սարքը ունակ է ապահովելու հեռավոր տիեզերական կապը:
Ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման գաղափարը Մոսկվան միանշանակ չընդունեց, ԽՍՀՄ կառավարությունը Հերունուն առաջարկեց ռադիոօպտիկական աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն: Ավելի քան 17 տարվա համառ պայքարից հետո, ի վերջո, աստղադիտակը կառուցվեց Հայաստանում, աշխատանքների մեկնարկը տրվեց 1980 թվականին:
1987-ին՝ շահագործումից րոպեներ անց, հայտնաբերեց Երկվորյակների Էտտա կարմիր աստղի բռնկում։ Մեկ այլ հետաքրքիր բացահայտում ևս՝ դիտակի անտենայի կենտրոնով անցնող հյուսիս-հարավ միջօրեականն անցնում է ուղիղ Տեղերի Սբ. Աստվածամոր վանքի գմբեթով: Ստացված բոլոր տվյալները արխիվում են՝ Հերունու ձեռագիրն է՝ 88-ին լուսնի պատկերը՝ նկարահանված անտենայի միջոցով:
Արևիկ Սարգսյան (տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր) - Սա նշանակում է, որ լուսնի սկավառակը, որն ունի 32 րոպե անկյունային չափ, 3 սմ ալիքային տիրույթում ճառագայթում է 170 կելվին չափով:
Գիտական կայանի առաջնային խնդիրը դիտակի ապակոնսերվացումն է: Տևական դադարից հետո մեկնարկել է ռադիոօպտիկական սարքի փորձարկումը՝ գրանցելու են տիեզերքից եկող ինֆորմացիայի 48-ժամյա ձայնագրություն: Անտենայի ալիքի երկարությունը 7 վայրկյան է, այսինքն՝ տիեզերքում նկարում է կոնկրետ հատված՝ պարզելու կոնկրետ երևույթներ:
Կամո Մալխասյան (ավագ գիտաշխատող) - էս անտենայի բացառիկությունը կայանում ա նրանում, որ այն շատ նեղ ալիք է գրանցում ու շատ բարձր ճշգրտությամբ է գրանցում:
Կառավարության որոշումն է՝ գիտական հսկան պետք է գործարկել և զարգացնել գիտությունը: Խոչընդոտները մեծ մասամբ լուծված են, էկոնոմիկայի նախարարությունը սպասում է կենտրոնի ռազմավարական ծրագրին, կավելանան նաև ֆինանսական միջոցները:
Արևիկ Սարգսյան - Իհարկե առաջնային խնդիրը ռադիոդիտակի ապակոնսերվացումն է, պետք է կարողանանք շարժել ռադիոդիտակի ճոճանակը, որը կրում է փոքր հայելին, այն անշարժ է:
Ռադիոօպտիկական դիտակն ունի պարամետրեր, որոնք մինչև այսօր մնում են անգերազանցելի՝ ճշտություն, միևնույն ժամանակ՝ եզակի՝ ռեկորդային ցածր աղմուկների ջերմաստիճան: Պատկերացնելու համար գիտական հսկայի զգայունությունը՝ պրոֆեսորը օրինակով է բացատրում:
Արևիկ Սարգսյան - Մի մոմի ջերմությունը, որ վառված է Տոկիո քաղաքում, մեր գործիքը կարող է զգալ:
Կենտրոնը բացառիկ մեկնարկ կտա ռադիոօպտիկական հետազոտությունների, տիեզերական կապի ուսումնասիրությունների բնագավառում: Ապակոնսերվացումից հետո կսկսի աշխատել որպես միայնակ անտենա, այսինքն՝ կվերամշակի հավաքած տեղեկություններն ամբողջ աշխարհի համար: Գործարկումից հետո կմիանա Աստղադիտակների եվրոպական միությանը:
Կամո Մալխասյան - Նրանք հնարավորություն կունենան մեր անտենայի հավաքած ինֆորմացիան օգտագործել, տարածաշրջանում դա բացառիկ հնարավորություն է:
Ռադիոդիտակը երկու խնդիր է լուծելու՝ ռադիոաստղագիտությունը՝ որպես ֆունդամենտալ գիտություն, և հեռավոր տիեզերական կապը՝ որպես կիրառական բնագավառ: Վերջերս ի հայտ է եկել նոր բնագավառ՝ տիեզերական աղբի որոնում: Հերունու անտենան, Արևիկ Սարգսյանի պնդմամբ, այստեղ ևս կասի իր խոսքը:
Կամո Մալխասյան - Տիեզերքում նույնիսկ միլիմետրանոց մասնիկները սլանում են հսկայական արագությամբ, հարյուրավոր կիլոմետր, եթե կպնեն արբանյակի կամ տիեզերանավի, մեծ վնասներ կտան:
Կենտրոնը իր խոսքը կասի նաև տիեզերական կապի ապահովման ոլորտում: Որոշ կազմակերպություններ պատրաստվում են տիեզերանավով հասնել Մարս և Լուսին: Նման տիեզերանավերի հետ կապի ապահովումը հնարավոր է հենց Հերունու ստեղծած անտենայով: