Ադրբեջանը շարունակում է լարված պահել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին: Նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած զինված ընդհարումից հետո հարևան երկրի զինված ուժերը կրկին դիմել են սադրիչ գործողությունների՝ կրակ արձակելով արդեն Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Դրա հետևանքով զոհվել է շարքային զինծառայող:
Հրադադարի խախտման հերթական դեպքին, ինչպես տեղեկացնում են հայկական թելեգրամյան ալիքները, նախորդել են ադրբեջանական զորքերի կուտակումները սահմանին:
ՍԱՀՄԱՆԸ ԼԱՐՎԱԾ ՊԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՆՊԱՏԱԿԸ՝ ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ ընդգծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Սակայն այս պահին մասնագետը նման գործողությունների հավանականությունը չափազանց փոքր է գնահատում:
Հակոբ Բադալյան (քաղաքական մեկնաբան) - Առայժմ ես չեմ տեսնում այն հանգամանքները, որը կարող է թույլ տալ մտածել այդպիսի վտանգի մեծ հավանականության մասին: Դա փաստացի նշանակելու է բախում Ռուսաստանի հետ, որպես Հայաստանի դաշնակցի հետ: Եթե Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները, դա փաստացի կնշանակի ռուսական ներկայության ավարտ: Եթե Ադրբեջանը գնա նման քայլի, նշանակում է, որ օրակարգում լինելու են այդպիսի խոշորագույն խնդիրներ:
Հայաստանը և Ռուսաստանը դեռ 1997 թվականին կնքել են երկկողմ պայմանագիր, որը երրորդ երկրի ագրեսիայի պարագայում ենթադրում է դիվանագիտական կամ ռազմական օգնություն: Նոյեմբերի 16-ի ընդհարման համատեքստում հայկական կողմը հայտարարել էր Ռուսաստանին դիմելու մտադրության մասին:
Տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին ավելի վաղ մի քանի հայտարարություն է արել նաև պաշտոնական Թեհրանը: Իրանի համար անթույլատրելի կլինի յուրաքանչյուր փորձ՝ կտրել Սյունիքը Հայաստանից: Նոր պատերազմը, փաստացի, հակասում է գրեթե բոլոր խաղացողների շահերին:
Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Լայնամասշտաբ պատերազմ կնշանակի, որ այդ պատերազմում ներքաշվելու են շատ խոշոր խաղացողներ: Դա որևէ խոշոր խաղացողի, եթե մի կողմ դնենք Թուրքիան, ձեռնտու չէ, ձեռնտու չէ Իրանին, մեր հարևան Վրաստանին, ձեռնտու չէ խոշոր խաղացող Ռուսաստանին և Եվրոպային:
Ըստ փորձագետի՝ նոր պատերազմը կնշանակի գնալ մեծ արկածախնդրության: Այս պայմաններում ինչ նպատակներ է հետապնդում Բաքուն և ինչքան կարող է փորձել լարված պահել սահմանային իրավիճակը: Փորձագետները համոզված են՝ Բաքուն փորձում է ամրապնդել բանակցային դիրքերը:
Էդգար Վարդանյան - Այն խնդիրները, որոնք առկա են, չեն լուծվել: Պարզ չէ՝ ե՛րբ կլուծվեն: Այդ խնդիրներից օգտվում է Ադրբեջանը և ստեղծում լարվածություն: Նա բանակցային ռեսուրս է փորձում կուտակել և օգտագործել անվտանգության հետ կապված, ուժերի դասավորումների հետ կապված, կոմունիկացիաների բացման առումով:
Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ցանկության մասին Ադրբեջանը հայտարարում է ամիսներ շարունակ: Այն, որ բանակցություններում նման հարց չի քննարկվում, հայտարարել է նաև միջնորդ Ռուսաստանը:
Փորձագետները վստահ են՝ սահմանային իրավիճակը կարող է հանգուցալուծվել սահմանազատման և սահմանագծման արդյունքում: Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է բանակցելու գործընթացի դետալների շուրջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես էր եկել առաջարկություններով, որոնք ընդունելի են հայկական կողմի համար: