Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչներ՝ Ազգային պաշտպանության ու զինված ուժերի հանձնաժողովի անդամ, Ու-դը-Սենի յոթերորդ շրջանի պատգամավոր Ժակ Մարիլոսյանին, Մարսելի քաղաքային խորհրդական, Բուշ-դյու-Ռոնի առաջին շրջանի պատգամավոր Ժուլիեն Ռավիերին և խորհրդարանական այլ ներկայացուցիչների։
Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված աջակցության կարևորությունը, ինչպես նաև իրադարձություններին արագ արձագանքելու և սատարելու պատրաստակամությունը։
Նախարարը նշել է նաև, որ ֆրանսիական տասնյակ կազմակերպությունների և նախարարության սերտ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես ուղղված են քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովմանը։
Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և վերջին ամիսներին արդյունավետ համագործակցության համար նախարարին հանձնել Ֆրանսիայի պառլամենտական մեդալ։
Հյուրերի խոսքով՝ վերջիններս, Հայաստան այցի շրջանակում, նպատակ ունեն փաստահավաք աշխատանքի միջոցով համապարփակ պատկերացում ստանալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև գտնել տնտեսական և սոցիալական համագործակցության հնարավոր տարբերակներ։
Ներկաները հետաքրքվել են արցախահայության զբաղվածության ապահովման, սոցիալական բնակարաշինության, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող ծառայությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներով։