Մենք կառուցողական ենք տրամադրված, ուզում ենք գնալ լուծումների, չենք ուզում հարցերը մտցնել փակուղի, սակայն չենք կարող ընդունել, որ որևէ մեկը մտածի, թե Հայաստանը խոցելի է, և Հայաստանի հետ պետք է վարել հարկադրանքի քաղաքականություն: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք ընդունի հարկադրանքի քաղաքականություն, մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրար շահերը, շատ իրողություններ հաշվի առնելով, նաև տարածաշրջանի և միջազգային իրավունքի նրբությունները հաշվի առնելով՝ պատրաստ ենք գնալ լուծումների, ուզում ենք գնալ լուծումների և մենք ցույց ենք տվել, որ մենք գնում ենք լուծումների: Բայց մեր կոչն է նաև, որ մեր այդ գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու պատրաստակամություն:
Մեզ մեղադրում են, ասում են՝ Ղարաբաղը տվեցին: Եթե Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր լինի: Կամ, ասում են՝ սա են տալիս, նա են տալիս՝ այս շաբաթ, վաղը, մյուս օրը: Ընդհակառակը, եթե մենք այդպիսին ենք, մեր հակառակորդները գիտեն, որ պատրաստվում ենք զիջել Հայաստանի շահերը, ամեն ինչ կանեն, որ այստեղ հանգիստ լինի, ոչ մի բորբոքում չլինի: Յուրաքանչյուր կրակոց մեր ուղղությամբ վկայություն է, որ մենք Հայաստանի շահերը չենք զիջում, կռիվ ենք տալիս»,- ասաց Փաշինյանը: