Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գրավոր ընթացակարգով դիմում է եղե՞լ ՀԱՊԿ-ին:
«Նոյեմբերի 16-ի իրադրությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք: Եվ մենք շարունակում ենք մեր քննարկումները, և մենք գտնում ենք, որ պետք է Ադրբեջանի պահվածքի էֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք, և մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, և Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում: Մենք դրա հետ չենք հաշտվելու ուղղակի. էլի եմ ասում՝ հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանը չի ընդունելու, որովհետև «պատերազմում հաղթածի իրավունք» միջազգային հասկացություն չկա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ինքնիշխան պետություն է:
«Մենք պատրաստ ենք և գնալու ենք, բանակցելու ենք, չարչարվելու ենք, մեզ վրա վերցնելու ենք պատասխանատվություն և մենք գնալու ենք լուծումների, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը գործելու է հարկադրանքի ներքո: Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո, և մենք բոլոր մեզ հասու միջազգային լծակները, ֆորմատները օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: