Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա համերգ-դասախոսություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառումը կանցկացվի «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ին:
Երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ: Ելույթ կունենան սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը և Հայարփի Եղիկյանը, դաշնակահար Մարիա Փալազյանը, հոբոյահար Հակոբ Մուրադյանը, ջութակահարներ Պաուլա Գորբանովան և Մալենա Ջիմենոն, ալտահար Քնարիկա Կարապետյանը և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը, իսկ «Քլինգեն» երգչախումբը կկատարի Ա. Բաբաջանյանի երգերը:
Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ դասախոսություններ կներկայացնեն Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և մաեստրո Ս. Օլահը:
Միջոցառմանը կցուցադրվեն անգլահայ նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված Սպենդիարյանի և Բաբաջանյանի երաժշտական ժառանգությանը։
Ծրագրի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որն այս հոբելյանական նախագիծը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն հաջողությամբ իրագործել է Լոնդոնում և Վիեննայում: Մաեստրո Օլահի նպատակն է իր գործընկերների հետ արտերկրում ևս հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը: