Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։ Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը, չեմ կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ է։ Որպես նախագահող երկիր՝ պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- ասաց Փաշինյանը։
Նա արձանագրեց, որ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը Թուրքիայի հետ թյուրքական աշխարհի ռազմավարություն ստորագրեցին. սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել:
«Մենք չենք ուզում, որ ՀԱՊԿ երկրներից որևէ մեկը հակամարտության մեջ ներքաշվի Ադրբեջանի հետ, մենք ուզում ենք, որ մեր դաշնակիցները և գործընկերները օգտագործեն քաղաքական լծակները մեր համատեղ փոխադարձաբար ճանաչված իրավունքները պաշտպանելու համար, մյուս կողմից՝ ես ասում եմ, որ Հայաստանը իրեն չի սահմանափակելու այս օրակարգը հետապնդելու համար միջազգային ամենատարբեր ատյաններում և օղակներում»,- ասաց Փաշինյանը: