Արցախի Մարտունու Սոս գյուղից ճանապարհը ձգվում է դեպի հայկական Ամարաս վանք, որն այժմ շրջապատված է ադրբեջանական դիրքերով: Ամարասի հովտի մեր դիրքերում, սակայն, ուխտավորներն ու Արցախի նախագահը մեր զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան են բացում: Ամարասում Մաշտոցի հիմնած դպրոցն ու հոգևոր կենտրոնը ևս թշնամի երկիրն ուզում է իրեն վերագրել:
Ալեքսան Հակոբյան, հայագետ-կովկասագետ, պատմական գիտությունների դոկտոր - Ադրբեջանը սուտ քարոզչություն է տանում, որն ուղղված է ոչ գիտական հանրույթին, որովհետև գիտական հանրույթը շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում ուդիներ, աղվաններ, ինչ ասել է սահման՝ հայկական և ուդիական մշակույթների միջև ուղիղ Կուր գետով:
Ալեքսան Հակոբյանի տպագրած գրքում է նաև 1963-ին Բաքու-Մոսկվա համատեղ հրատարակած հնագիտական քարտեզը, որտեղ Հայաստանի սահմանները հստակ են:
1979-ին այս ատլասը վերատպվել է՝ առանց գույների, որ միագույն դառնա աղվանների և Հայաստանի սահմանը։ Պատմական նոր խաբեություններից մեզ պաշտպանելու համար ֆեյսբուքյան էջում, հետո արդեն նոր կայքում կգույքագրվեն Արցախի պատմամշակութային կողոթները:
Լուսինե Ղարախանյան, Արցախի ԿԳՄՍ նախարար - Դա մեր Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի միջոցով է ստեղծվելու կայքէջը: Կայքէջում լինելու են պարբերաբար օկուպացված տարածքների հուշարձանների պատմությունը առկա վիճակը: Այն ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո: Եվ, ընդհանրապես, դա լինելու է մոնիթորինգի յուրահատուկ հարթակ:
Հայկական հետքը վերացնելու համար մի դեպքում Ադրբեջանը փորձում է հայկական մշակութային ժառանգությունը պարզապես ոչնչացնել, մյուսում՝ աղվանական անվանել, որ հետո աշխարհին ասեն, թե իրենք, իբր, այդ մշակույթն ստեղծած աղվանների հետնորդներն են:
Լուսինե Ղարախանյան - Իսկ ո՞վ է ասել, որ աղվանացնելով՝ նրանք դա կարողանում են իրենցը դարձնել, նույն ուդիները հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են: Նրանք, փաստորեն, պատանդ են Ադրբեջանում, նրանց ստիպում են գալ Արցախ և օկուպացված տարածքներում ծիսակարգեր անել: Ըստ էության՝ դա հայկական եկեղեցուն բնորոշ ծիսակարգ է, վերջերս արել են Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ խաչ եկեղեցում:
Գարնանն Արցախում՝ աղվանական տեսության գիտաժողովում, տարբեր գիտնականների կհրավիրեն՝ նաև դրսում բարձրաձայնելու պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական փորձերի մասին: