ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ Է. ԷՐԴՈՂԱՆ
Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակին և երկրի տնտեսական քաղաքականությանը՝ նշելով, որ որոշ երկրներ փորձում են տնտեսապես թուլացնել Թուրքիան, սակայն դա անհեռանկար մոտեցում է: Էրդողանն անդրադարձել է նաև տարածաշրջանում Անկարայի դերակատարմանը՝ մասնավորապես նշելով. «Մեր կողմից ճգնաժամերի հաջող կառավարումն այնպիսի անկայուն տարածաշրջաններում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Կովկասը, ընդլայնում է մեր քաղաքական և մարդասիրական գործունեության շրջանակը»։
ՋՈ ԲԱՅԴԵՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ 2024-Ի ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։ Ըստ լրատվամիջոցների՝ վերջին շրջանում Դեմոկրատական կուսակցությունում մտավախություններ կան, թե տարիքի և վարկանիշի անկման պատճառով և գնաճի ու համավարակի դեմ պայքարի անհաջողությունների ֆոնին Բայդենը կարող է հրաժարվել մասնակցել առաջիկա ընտրություններին: Տարբեր հարցումների արդյունքների համաձայն՝ նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին հավանություն Է տվել երկրի բնակիչների մոտ 40 տոկոսը: Ակնկալվում է, որ 2024 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին Բայդենը պաշտոնապես կհայտարարի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:
ԱՄՆ-Ն ՈՒ ԵՄ-Ն ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԵՆ ՄԻՆՍԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՄՆ իշխանություններն ու Եվրամիությունը պատրաստվում են նոր պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ՝ Լեհաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով` հայտարարել է Բելառուսի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: Ջուլի Ֆիշերի խոսքով՝ լեհ-բելառուսական սահմանին ստեղծված «իրավիճակի ողջ պատասխանատվությունը բելառուսական կողմինն է»: Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու կոնկրետ նպատակների և ժամանակի ընթացքում կտան ցանկալի արդյունքներ: Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Բելառուսի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի վերջին:
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ. ՄԱՀԱՑԵԼ Է 46 ՄԱՐԴ
Բուլղարիայում գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 46 մարդ, այդ թվում՝ 12 երեխա: Ավտոբուսում եղել 52 մարդ: Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել Է ճանապարհատրանսպորտային պատահարի և բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում: Լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոբուսը զբոսաշրջիկներ է տեղափոխել Թուրքիայից: Պատահարի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները: