Իրանը ողջունում է Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ 3+3 ձևաչափ ստեղծելու առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը, փոխանցում է IRNA գործակալությունը:
Դեսպանի խոսքով՝ Իրանն աջակցում է այդ ձևաչափին, քանի որ այն բխում է նաև Թեհրանի քաղաքական առաջնահերթություններից, այն է՝ տարածաշրջանի խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Ֆարազմանդը նշել է, թե նախաձեռնությունը կօգնի լուծելու առկա խնդիրները, նվազագույնի հասցնելու լարվածության պատճառները, ընդլայնելու համագործակցությունը և հզորացնելու տարածաշրջանը:
Դիվանագետը նշել է, որ Իրանը բարիդրացիական հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր երկրների հետ և պատրաստ է նախաձեռնության կյանքի կոչմանը, ինչպես նաև հավատում է դրա հաջողությանը: