Հակամարտության համապարփակ լուծում՝ ահա թե ինչին պետք է ձգտեն Երևանն ու Բաքուն, իսկ Բրյուսելը պատրաստ է օգնելու այդ ճանապարհին՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը «Լուրերի» հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 16-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիային: Հարցին, թե կարծիք կա, որ ագրեսիան հնարավոր դարձավ այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից մայիսի 12-ին Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներխուժումը չստացավ համարժեք միջազգային գնահատական, Կլաարը պատասխանել է.
Տոյվո Կլաար (Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ) - Առաջին հերթին կարծում եմ, որ ԵՄ-ն շատ հստակ արձագանքել է այն առումով, որ մենք կոչ ենք արել դուրս բերել և բաժանել ուժերը և սկսել սահմանազատման բանակցություններ։ Մենք նաև նշել ենք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու դրան։ Կարծում եմ, որ ԵՄ-ն շատ հստակ արձագանքեց այդ զարգացումներին: Հենց հիմա տեսնում ենք, որ ներգրավված է նաև Եվրոպական խորհրդի նախագահը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, շրջանցելով աշխարհի՝ ոչ հասցեական և կողմերի միջև հավասարություն դնող հայտարարություններին վերաբերող հարցը, շեշտեց՝ ԵՄ կարևորում է բռնության դադարեցումն ու սահմանազատման բանակցությունների մեկնարկը:
Տոյվո Կլաար - Այսօր դա ամենակարևորն է։ Եվ հենց այստեղ է ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված, ի դեպ ամենաբարձր մակարդակով: Մեր տեսանկյունից նաև ռազմագերիների ազատ արձակումն է կարևոր հարց, մենք հարցի վերաբերյալ կոչ ենք արել և շատ ակտիվորեն ներգրավվել դրա իրականացման համար՝ նույնպես ամենաբարձր մակարդակով:
Տարածաշրջանում խաղաղության հաստատման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵՄ-ն ունի համապատասխան գործիքներ և պատրաստ է տրամադրել դրանք տարբեր մակարդակներում՝ հարցի կարգավորմանն աջակցելու համար։
Տոյվո Կլաար - Իմ վերջին այցի նպատակը, ինչպես և նախորդներինը, եղել է ուղերձներ փոխանցել կողմերի միջև և ընդգծել, որ մենք՝ որպես ԵՄ, հիմնարար շահ ունենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանը նպաստելու հարցում: Սա այն է, ինչ մենք արել ենք և կշարունակենք անել ամենաբարձր մակարդակով, և անձամբ ես շատ եմ զբաղվում դրան նպաստելու ուղղությամբ։ Եվ, իհարկե, մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ոչ ամբողջական ներուժն է օգտագործվում, իսկ երկկողմ հարաբերություններում դեռևս զարգացման մեծ հնարավորություն կա: Վերջում Տոյվո Կլաարը լավատեսություն հայտնեց՝ խաղաղությունն ի վերջո կգա այս տարածաշրջան, և կա բացառիկ հնարավորություն՝ թերթելու 30-ամյա հակամարտության էջը: