Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:
Այսօր՝ վաղ առավոտյան Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ. Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ԱԱԾ-ից: