Ռեժիսոր Արտավազդ Փելեշյանն Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում ստեղծագործական նվաճումների համար հատուկ` Lifetime Achievement Award մրցանակի է արժանացել: Այս մասին հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունից:
«Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան։ Ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում։
«Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «տարածական մոնտաժի» վարպետն անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։
Ֆիլմը համախմբում է բնության կադրերը, ինչպիսիք են հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը, ցունամիները և հոյակապ լանդշաֆտները համացանցից՝ համադրելով բնության գերակշռող ուժը մարդկային փառասիրության հետ»,- ասված է հայտարարությունում: