ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգային մեկ հարց կար՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:
«Հայաստան» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրություն էր ուղարկել, ըստ որի՝ քաղաքական որոշում է կայացվել չմասնակցել նիստին:
«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը՝ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քվեարկությանը մասնակցում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները:
«Պարզվեց, որ պարոն Ղազինյանն այլևս իրենց հետաքրքիր չէ, ընդամենը ֆորմալ առումով, որպեսզի այդ դաշտը պահեն իրենց տրամաբանության շրջանակներում, մինչև պարոն Վիլեն Գաբրիելյանի՝ շրջանառության մեջ դրված իրավական կարգավորումը դարձնենք իրականություն, իրավական լուծումներ կտանք»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այսպես, Արթուր Ղազինյանն արդեն 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: