Բելառուսի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջուլի Ֆիշերը հայտնել է, որ ԱՄՆ իշխանություններն ու Եվրամիությունը պատրաստվում են նոր պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ՝ Լեհաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով:
Ֆիշերի խոսքով՝ լեհ-բելառուսական սահմանին ստեղծված «իրավիճակի ողջ պատասխանատվությունը բելառուսական կողմին է»:
«ԱՄՆ-ը և ԵՄ-ն մոտ ժամանակներս ավելի մեծ պատժամիջոցային ճնշում կգործադրեն Բելառուսի նկատմամբ»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու կոնկրետ նպատակների և ժամանակի ընթացքում կտան ցանկալի արդյունքներ:
Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Բելառուսի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի վերջին: