Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր «Հայփոստի» բաժանմունքում էին: Արձանագրություն չկազմեցին, քանի որ խախտումներ չկային:
Վարդգես Ռուբենյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետ) - Ուշադրություն է դարձվում հակահամաճարակային կանոններին, առաջնահերթ դիտարկում ենք ՊՇՌ-ն և պատվաստումները: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ բոլորը պատվաստված են դեռ հոկտեմբերի 13-ից:
Տեսչական մարմինը շարունակում է նույն տեմպով խոշորացույցի տակ պահել նաև մանրամեծածախ առևտրի կենտրոնները, դեղատներն ու արտադրական կազմակերպությունները: Վերջին ամենամեծ խախտումն արձանագրել էին Երևանի մոլերից մեկում, որտեղ հակահամաճարակային կանոնները չէին պահպանել ու զանգվածային միջոցառում կազմակերպել:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Տնտեսվարողը թույլ էր տվել մարդկանց հոծ բազմության, այսինքն՝ մարդկային կուտակումներ, փաստեր կային, որ մարդիկ չէին կրում դիմակներ, այսինքն՝ համաճարակի տարածման լուրջ վտանգ կար: Նման դեպքերում պատասխանատվության է ենթարկվում տնտեսվարողը:
ԱԱՏՄ մասնագետները տնտեսական խանութ էլ մտան: Կուտակումներ չկային, աշխատակիցներն ու հաճախորդներն էլ դիմակով էին: Տեսուչները տնտեսվարողին հորդորեցին շարունակել նույն տեմպով՝ առաջնահերթ կարևոր համարելով հակահամաճարակային կանոնները:
Վարդգես Ռուբենյան - Խախտումներ չկան, սպասում էին պատվաստման կամ ՊՇՌ-ների մատյանին՝ հասկանալու համար ինչպիսին է պատկերը, բայց ինչպես փաստեց տնտեսվարողի ներկայացուցիչը, և մենք արդեն համոզվեցինք, բոլորը պատվաստված են. 6 աշխատակից, 6-ն էլ պատվաստված:
Մայրաքաղաքում խախտումներն էականորեն նվազել են՝ վստահեցնում են տեսչականի մասնագետները:
Ավելի քան 1000 ստուգայցից նախորդ շաբաթ ընդամենը 57 արձանագրություն են կազմել: