Նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Բաքուն շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը «միջանցքային» տրամաբանության շրջանակում։ Տարբեր աղբյուրներից լուրեր են ստացվում նաև հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինտեխնիկայի կուտակման մասին։ Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սահմանային իրավիճակի վրա, և արդյոք կա՞ նոր պատերազմի վտանգ՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ, ի վերջո, Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականության քննության կարևոր առարկաներից մեկը պետք է լինի։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես արձանագրեցի, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում։
Ադրբեջանը պատերազմից հետո, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձ է անում կիրառել, այսպես ասած՝ պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի։ Մենք շատ համբերատար, հետևողական փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց, ի վերջո, կարծում եմ, որ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության անդամը, այնուամենայնիվ, պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է այդ չափերին հստակ հետևի, հակառակ դեպքում միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում։
«Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր։ Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում, և ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ է նշանակում «միջանցքային» տրամաբանություն։ Մենք նախկինում հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ «միջանցքային» տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու, ինչը չի նշանակում, թե որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգից։
Ես չեմ կարող թաքցնել և ուղիղ պետք է ասեմ, որ, ընդհակառակը՝ Հայաստանն է գուցե ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն։ «Միջանցքային» տրամաբանությունը, իմ կարծիքով, Ադրբեջանը զարգացնում է հենց տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի տարածաշրջանային կոմունիկացիաների թեման հանել օրակարգից»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ այն ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է նրա և նրան քաջալերող երկրների կողմից ՀՀ ինքնիշխանության, պետականության, անկախության ու նաև ժողովրդավարության վրա։
«Այս հարցը պատրաստվում ենք հետապնդել միջազգային բոլոր հնարավոր հարթակներում»,- ասաց Փաշինյանը։
«Լուրերի» հարցին՝ կա՞ արդյոք պատերազմի վտանգ, վարչապետը պատասխանեց․ «Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով։ Միաժամանակ, ուզում եմ ասել, որ չենք խուսափում ու չենք խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից։ Պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք՝ ով ինչպես է արձագանքում: Սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ»։