Հունվարի 11-ի հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որն Ադրբեջանի մասնակցությամբ արձանագրել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության և տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այս մասին այսօր, պատասխանելով լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ ճանապարհը, որն անցնում է, պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո։ Ճանապարհների օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով։ Աշխատանքային մակարդակում մենք երբեք Ադրբեջանից «միջանցք» արտահայտություն չենք լսել։ Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրվել է, որ չկա։ Ինչո՞ւ մեզ համար պիտի ընդունելի լինի այն, ինչ չկա։ Մենք դա ընդհանրապես ինչո՞ւ պետք է քննարկենք։ Այստեղ է, որ Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է։ Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են՝ ա՛յ, եթե միջանցք չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք։ Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ։ Պետք է սա ի ցույց դնենք՝ որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հաջորդը երթուղիների խնդիրն է։
«Եթե սուվերենության շրջանակներում է տեղի ունենում, և Հայաստան ասում է՝ պատրաստ եմ ապահովել Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ճանապարհ, կներեք, բայց Հայաստանն է որոշում՝ ինքն ի՛նչ ճանապարհով է ապահովում այդ հաղորդակցությունը։ Հակառակ դեպքում ի՞նչ սուվերենություն, այսինքն՝ Ադրբեջանն ուզում է որոշի՝ ինչպես մտնի, ինչպես դուրս գա՞։ Չի՛ լինելու այդպիսի բան։ Բայց, մյուս կողմից՝ Հայաստանը շահագրգիռ է, որ երկաթուղային և ավտոմոբիլային կապը վերականգնվի։ Հրապարակային ասել եմ, այո՛, Ադրբեջանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ։ Տվյալ դեպքում մեծ միջազգային ճանապարհի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ այդտեղ էլ Հայաստանը շահագրգռություն ունի»,- ասաց Փաշինյանը։
«Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհներն անցնեն իրենց տարածքով, երկաթուղիներն անցնեն իրենց տարածքով, գազամուղներն անցնեն իրենց տարածքով, նավթամուղներն անցնեն իրենց տարածքով, բեռները հնարավորինս շատ տարանցվեն իրենց տարածքով։ Մենք շահագրգռված ենք, որ նաև Կարս-Գյումրի երկաթուղին բացվի, ավելի մեծ կոնտեքստ ստանա, որից Հայաստանը նույնպես օգտվի։ Ադրբեջանը հասկանում է, թե սա ինչ է նշանակում, դրա համար էլ անընդհատ փորձ է անում, այդ թվում՝ Հայաստանի ներսում, նյարդային մթնոլորտ ստեղծել։ Հայաստանն ինքն իր ապաշրջափակմանը դե՞մ է արտահայտվում, հասկանո՞ւմ եք՝ աբսուրդն ո՛ւր է հասել»,- նշեց ՀՀ վարչապետը: