Կարևոր նրբությունը հետևյալն է, որ մենք կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին, և, կարծում եմ, որ, այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բրյուսելում դեկտեմբերի 15-ին իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ հարցին:
Վարչապետը չի կարծում, թե ճիշտ է ամեն կոնկրետ հանդիպումից ակնկալիք ձևավորել՝ նեգատիվ կամ պոզիտիվ:
«Ինչ-որ այդպիսի արագ արդյունքների ակնկալություն պետք չի ձևավորել. խնդիրն այն է, որ, այո՛, կա իրավիճակ, կա մեր տարածաշրջանում լարվածություն, և այդ լարվածությունը հաղթահարելու համար, այո՛, մենք պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները, բայց էլի եմ ասում՝ շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական կամ գերագնահատված լուծումներ, կամ դրա շուրջ փորձ արվի ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել: Կարծում եմ, որ սա շատ կարևոր սկզբունք է. մենք օգտագործելու ենք հարթակները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս շաբաթ՝ նոյեմբերի 26-ին, նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում է տեղի ունենալու հանդիպում:
«Այդ հանդիպման շուրջ խոսակցությունները երեկ չեն սկսվել, դրանք ավելի վաղ սկսված խոսակցություններ են, և ես կարծում եմ, որ այսպիսի հանդիպումների պայմանավորվածությունների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն»,- հավելեց վարչապետը:
Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապ ստեղծելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դրա նպատակը միջադեպերը կանխարգելելն է:
«Իհարկե, ինչքանով դա արդյունավետ կլինի՝ ժամանակը ցույց կտա, բայց փաստն ինքնին շատ կարևոր պիտի համարել: Ես ինքս համաձայնություն եմ տվել այդպիսի կապի ստեղծմանը, և պետք է հուսալ, որ այդ կապը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: