Հայաստանի Հանրապետության և Սիրիայում ՄԱԿ-ի հակաականային գործողությունների ծառայության (UNMAS-ի) միջև ս. թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին Դամասկոս է մեկնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:
Հայ ականազերծողները համաձայնագրի շրջանակներում իրականացնելու են Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն քմ հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքներ:
Նոյեմբերի 22-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է իրականացվելիք ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև՝ հայ մասնագետների Սիրիայում աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասներ:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի հակաականային գործողությունների ծառայության (UNMAS) ղեկավարության, ինչպես նաև՝ Սիրիայի տեղական իշխանությունների հետ։