ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները:
Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուշադրությամբ հետևում և բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև շեշտել, որ առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները: