Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱՄՆ-ում հինգ մարդ Է զոհվել, 40-ը տուժել է Ուոքեշա քաղաքում (Վիսկոնսինի նահանգ) սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա կատարված վրաերթի ժամանակ: Մեքենան մեծ արագությամբ մխրճվել էր ամբոխի մեջ, ինչի հետևանքով հիվանդանոց են տեղափոխել 11 մեծահասակի և 12 երեխայի: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանության վարչությանը։
Ավելի վաղ Ուոքեշայի ոստիկանության պետ Թոմփսոնը հայտարարել էր, որ քաղաքի իրավապահները հասցրել են ձերբակալել կասկածյալին, սակայն, առայժմ չի կարող ասել՝ կապվա՞ծ է արդյոք միջադեպը ահաբեկչության հետ, թե՞ ոչ։ Ըստ CNN-ի՝ իրավապահ մարմիններում «բազմաթիվ աղբյուրներ» կարծում են, որ վարորդը փորձել է փախչել մեկ այլ հանցագործության վայրից կամ միջադեպից, և շքերթի միջադեպը չի հետաքննվում՝ կապված ներքին կամ միջազգային ահաբեկչության հետ: