Բուլղարիայի նախագահական ընտրություններում, ըստ էքզիթ փոլերի, կրկին հաղթել է նախագահ Ռումեն Ռադևը և վերընտրվել երկրի այդ բարձր պաշտոնում՝ հայտնում է Reuters-ը: Ըստ գործակալության՝ Ռադևը ստացել է ընտրողների քվեների 66%-ը, իսկ նրա մրցակից Անաստաս Գերջիկովը՝ 32%-ը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռադևը նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողների խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան: Նա վայելում է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Փոփոխությունների շարունակություն» կուսակցության աջակցությունը:
Նախընտրական մրցավազքի ժամանակ Գերջիկովը հաճախ էր Բուլղարիայի առաջնորդին անվանում «ռուսամետ» և մեղադրում Կրեմլի հանդեպ համակրանքի համար։ Դրա պատճառը, մասնավորապես, Ռադևի հայտարարությունն էր, որ Ղրիմը ներկայումս պատկանում է Ռուսաստանին, և Բուլղարիան պետք է պրագմատիկ դիրք գրավի Մոսկվայի հետ հարաբերություններում։
Ռադևը նույն դիրքորոշումը հայտնել է նաև ընտրվելուց հետո և հավելել, որ Ղրիմի պատճառով հակառուսական նոր պատժամիջոցների կիրառման քաղաքականությունն արդյունավետ չէ՝ հայտնում է ТАСС-ը:
Ռադևի հայտարարություններն առաջացրել են Կիևի վրդովմունքը: Կիևում Բուլղարիայի դեսպան Կոստադին Կոջաբաշևին կանչել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ ԱԳՆ-ի՝ ուկրաինական կողմը դիվանագետին է փոխանցել հանրապետության դիրքորոշումը Բուլղարիայի ղեկավարի հայտարարությունների անթույլատրելիության վերաբերյալ և պահանջել հերքել Ղրիմի պատկանելության մասին նրա խոսքերը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռադևը թերակղզու վերաբերյալ հայտարարություններով հարված է հասցնում Ուկրաինայի և Բուլղարիայի բարեկամական հարաբերություններին: