Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն «Կա-52Մ» հարվածային ուղղաթիռների հետ կապված: Այս մասին հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին: Ռուսական «Կա-52Մ» հարվածային ուղղաթիռներն այս տարի առաջին անգամ ցուցադրվել են ԱՄԷ-ում անցկացված Dubai Airshow-ում:
*****
Իրանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կստորագրվի նավթի, գազի ու Կասպից ծովում նավթային հանքավայրերի մշակման ոլորտի մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ օրերս կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իրանից Ադրբեջան հարևան երկրներից, այդ թվում՝ Թուրքմենստանից գազի փոխանակման, ինչպես նաև Ադրբեջանից Իրանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գազի սվոփային մատակարարումների վերաբերյալ:
*****
Չեչնիայի խորհրդարանը Ռուսաստանի Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որով լրատվամիջոցներին արգելվում է նշել հանցագործություն կատարած անձի ազգությունը և դավանանքը։ «Արգելքի սահմանումը թելադրված է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան և միջկրոնական համերաշխության և խաղաղության պահպանման անհրաժեշտությամբ»,- ասվում է օրինագծին կից բացատրագրում։ Օրինագիծը ներկայացվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի և Russia Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վիճաբանությունից հետո. պատճառը՝ Նովայա Մոսկվա բնակելի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքն էր, որի վերաբերյալ որոշ լրատվական հրապարակումներում ընդգծվում էր, որ հանցագործներն ունեն կովկասյան ծագում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել օրինագիծը։ «Ես էմոցիոնալ գնահատականներ չեմ տա․ իսկ իրավական տեսանկյունից դե յուրե արգելքներ չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
*****
Աթենքում կայացել է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը։ Կողմերն անդրադարձել են միջպետական հարաբերություններին, Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, Կիպրոսի հիմնախնդրին և Լիբիայի ճգնաժամին։ Քառակողմ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն իր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է Կիպրոսի անօրինական օկուպացիան, հովանավորում է «Մուսուլման եղբայրներ» կրոնական կազմակերպությանը, օգտագործում է միգրանտների շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական նպատակներով և աջակցում է վարձկաններին Լիբիայում։ «Թուրքիան շարունակում է նաև Հունաստանին սպառնալ պատերազմով և ոտնահարել մեր ինքնիշխանությունն ու իրավունքները»,- հայտարարել է նա։
*****
Եվրամիությունը Բելառուսի հետ սկսել է տեխնիկական բանակցություններ՝ ապօրինի միգրանտների հայրենադարձման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: Նրա խոսքով՝ այժմ փորձագիտական մակարդակով շփումներ են ընթանում Բելառուսի և ՄԱԿ-ի հումանիտար կառույցների հետ: Բելառուսի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի արդեն նոյեմբերի վերջին: Եվրոպական կողմը նոր սահմանափակումները համաձայնեցրել է նաև Միացյալ Նահանգների հետ, որը նույնպես դեկտեմբերի սկզբին Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի: