Անցած տարի սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի չարաշահումների դեպքով հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այն կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը:
Մեղադրյալ բարձրաստիճան պաշտոնյան ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ Համլետ Դարբինյանն է: Նա, ըստ ԱԱԾ-ի, մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է շուրջ 8 միլիոն դրամ կաշառք՝ զորակոչիկներին պատերազմի ժամանակ առաջնագիծ չտանելու, նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրը լքելու համար:
Դարբինյանը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքները:
Կարեն Եսայան (Համլետ Դարբինյանի պաշտպան) - Պաշտպանյալս այդ դրվագների կապակցությամբ իր դիրքորոշումը հայտնել է նաև նախաքննության ընթացքում և, հիմնվելով ներկայումս իմ ունեցած տվյալների վրա, վստահ եմ, որ փաստարկված իր դիրքորոշումը կներկայացնի նաև դատարանում: Բնականաբար, Համլետ Դարբինյանը չի ընդունում, որ կաշառք է ստացել Ձեր նշած գործողությունները կատարելու համար: Այդ հարցերը Համլետ Դարբինյանը չէ, որ ի պաշտոնե կարող էր լուծել այս կամ այլ կերպ:
Այս գործով մեղադրյալ է 22 մարդ, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձինք:
Ալիկ Ստեփանյան (ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Նոյեմբերի 1-ին նշված գործից ընդհանուր 13 մեղադրյալի նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Մեր կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և 2021 թվականի նոյեմբերի 17-ին քրեական գործն ուղարկվել է երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Դատախազը՝ ներկայացնելով գնդապետին առերևույթ վերագրված դրվագները, նշեց՝ պաշտոնյան, զորամասում գտնվող զորակոչիկին հիվանդություն ձևացնելու խորհուրդներ տալով, կազմակերպել է նրա դուրսբերումը զորամասի տարածքից:
Ալիկ Ստեփանյան - Ինչի հետևանքով այդ զինծառայողը հետագայում հայտնվել է զորամասն ինքնակամ լքած անձանց ցուցակում, և նրա նկատմամբ իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախաքննության՝ զինվորականներից կամ զորահավաքային զորակոչում գտնվող զինվորականների ծնողներից գնդապետ Դարբինյանը պահանջել է տարբեր չափի կաշառք՝ զինվորներին մարտական գործողություններից հեռու տեղափոխելու համար:
Ալիկ Ստեփանյան - Հանցավոր դրվագներից մեկով էլ պաշտոնատար անձը, քաջատեղյակ լինելով, որ Հայաստանի ՀՀ ՊՆ համապատասխան զորամասում գտնվող զինակոչիկը, միևնույն է, առաջնագիծ չի տարվելու, դրդել է նշված զինծառայողի ծնողին կաշառք տալ, որպեսզի որդին առաջնագիծ չտարվի: Քաղաքացին տվել է այդ գումարը, սակայն պաշտոնատար անձը այլ անձի օժանդակությամբ հափշտակել է:
Մեկ այլ դրվագով էլ գնդապետը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ Արցախից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող «Ուազ» մակնիշի մեքենան հափշտակելու համար:
Կարեն Եսայան - Միանշանակ, այդ մեղադրանքը նույնպես չի ընդունում Համլետ Դարբինյանը և այդ մասով տվել է այնպիսի ցուցմունքներ, որ հնարավոր կլիներ այդ ցուցմունքների հետևից գնալ, այլ քննչական գործողություններով պարզել իմ պաշտպանյալի խոսքերի արժանահավատությունը:
Դատախազը նշում է՝ մարտական գործողությունների կատարման վայրում գտնվող մեքենան պաշտոնյան տեղափոխել է Գորիս:
Ալիկ Ստեփանյան - Փոխանակ այդ մեքենայի հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն հայտնվեր Պաշտպանության նախարարությանը և հետագայում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, այդ մեքենան հիշյալ պաշտոնատար անձը անձամբ վարելով Գորիսից տեղափոխել է իր ծնողների տուն՝ Արթիկ քաղաք: Հետագայում միջոցներ է ձեռնարկել այդ ավտոմեքենայի համար կեղծ համարանիշեր, կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և այդ ավտոմեքենան իր կողմից տնօրինելու համար:
Ավտոմեքենան ԱԱԾ-ն առգրավել է, ճանաչել գործով իրեղեն ապացույց: 22 մեղադրյալից 4-ը կալանավորված են, մյուսների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան