Դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզի 36 համայնքում կանցկացվի համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություն: Այս տեսանյութում կանդրադառնանք Կոտայքի մարզի 6 համայնքում քաղաքական պայքարի մեջ մտած ուժերին, համայնքի ղեկավարի թեկնածուներին:
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Կոտայքի մարզի Գառնի, Աբովյան, Նոր Հաճըն, Եղվարդ՝ նույն Նաիրի, Ծաղկաձոր և Հրազդան համայքներում:
Գառնի խոշորացված համայնքում, որը ներառում է Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերը, պայքարը կընթանա 2 քաղաքական ուժի միջև՝ «Հանրապետություն» կուսակցության, որի ցուցակի առաջին համարը Արամ Խաչատրյանն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի ցուցակը գլխավորում է ներկայիս համայնքապետ՝ Տիգրան Պողոսյանը:
Աբովյան խոշորացված համայնքի կազմում են Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի և Վերին Պտղնի բնակավայրերը: Համայնքի ներկայիս ղեկավարը Վահագն Գևորգյանն է, որը 2018-ին քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից և հաղթել ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանին: Այդուհանդերձ, ԲՀԿ-ն այս անգամ այլ թեկնածուի է առաջադրել՝ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանին:
Աբովյանում պայքարի մեջ են մտել 4 քաղաքական ուժ՝ բացի «Բարգավաճ Հայաստան»-ից նաև «Քաղաքացիական պայմանագիրը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Հանրապետությունը»: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Արման Մեղրյանը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ Էմիլ Հարությունյանը, իսկ ՔՊ-ինը՝ Պավել Ցուգունյանը:
Նոր-Հաճըն խոշորացված համայնքի կազմում են Նոր Հաճըն, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան և Քարաշամբ բնակավայրերը: Այստեղ ընտրություններին 5 քաղաքական ուժ է մասնակցում: «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակի առաջին համարը գործող համայնքապետ Գագիկ Մաթևոսյանն է, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը. ցուցակը գլխավորում է Սուրիկ Սուրենյանցը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, որն առաջադրել է Սարգիս Սարգսյանի թեկնածությունը, «Վարդան Պապյան» կուսակցությունների դաշինքը՝ Վարդան Պապյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Սահակ Գյուլինյանն է:
Նաիրի խոշորացված համայնքում, որը ներառում է Եղվարդ, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Պռոշյան, Քասախ բնակավյրերը, պայքարում է 6 քաղաքական ուժ՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Լավրենտի Գևորգյանն է, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմեն Համբարձումյանի գլխավորությամբ, «Հայ Յեղափոխական դաշնակցությունը», ցուցակը գլխավորում է Գևորգ Մուրադյանը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը գործող համայքապետ Նորայր Խաչիկի Սարգսյանն է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վաղարշակ Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ծաղկաձոր խոշորացված համայնքում, որի կազմում են Ծաղկաձոր, Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ բնակավայրերը, պայքարի մեջ է 2 քաղաքական ուժ՝ «Մեր Համայնքը» դաշինքը՝ Գրիգոր Ղարիբյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակի առաջատարը Նարեկ Հարությունյանն է:
Հրազդան, Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քախսի բնակավայրերը ներառող Հրազդան խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ: «Ապրելու Երկիր» կուսակցություն. առաջին համար՝ Մոնթե Մաթևոսյան, «Լուսավոր Հայաստան». առաջին համարը՝ Արշավիր Խաչատրյան, «Հայ Յեղափոխական դաշնակցություն». առաջին համարը՝ Վարդան Գևորգյան և «Քաղաքացիական պայմանագիր». առաջին համարը գործող համայքապետ Սևակ Սասունի Միքայելյանն է:
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի 6 խոշորացված համայնքում ավագանու տեղերի համար կպայքարի 12 քաղաքական ուժ, 9 կուսակցություն, կուսակցությունների 3 դաշինք: