Նոյեմբերյան խոշորացված համայնքում տարին ճանապարհաշինական է, միանգամից 2 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում քաղաքում և գյուղերում՝ սահմանամերձ Բերդավանում, Բաղանիսում և Կոթիում: Մի տեղ ասֆալտ, մի այլ տեղ՝ տուֆապատում՝ ըստ ճանապարհի և տեղանքի բարդության: Ընդհանուր արժեքը 110-ը մլն դրամ է՝ պետության 60 տոկոս մասնաբաժնով:
Կարեն Աբազյան (Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնակատար) - Ունենք 2 ասֆալտապատման և 3 սալահատակման աշխատանքներ: Ասֆալտապատումն ընթանում է Տերյան փողոցում, 460 մ երկարությամբ, 180 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապտումը վերջացրել են Բերդավան գյուղում, Բաղանիսում ավարտել ենք 360 մ երկարությամբ տուֆապատման աշխատանքը, Կոթիում 350 մ երկարությամբ ճանապարհի աշխատանքից մնացել է մոտ 50 մ-ը, սա շատ կարևոր է մեր ազգաբնակչության համար:
Սա վերջին 3 տարում սուբվենցիոն ծրագրով կառուցվող՝ Նոյեմբերյանում 2-րդ, իսկ խոշորացված համայնքում՝ 5-րդ տուֆապատ ճանապարհն է: Քաղաքի այս թաղամասի 220 գծամետր բանուկ հատվածի շինարարությունը սկսվել է նոյեմբերի սկզբին, ավարտը նախատեսված է ամսվա վերջին․
Լևոն Մարդումյան (Աշխղեկ) - Արվել է գործի 40 տոկոսը, հույս ունենք ժամկետում կավարտենք, եթե եղանակը չխանգարի: Վարպետներն իրենց գործը գիտեն, բանվորներն օգնում են, քարերը ժամանակին գալիս են:
Շինարարներն այս գործում արդեն փորձ ունեցող տեղացիներն են: Բնակիչները հետևում են ընթացքին, մետր առ մետր հաշվում կատարված աշխատանքը: Այժմ ճանապարհը ոչ միայն երկարաժամկետ բարեկարգ կլինի, այլև ավելի հարմար և ոտքի, և մեքենայի համար․
Անաստաս Գիշյան (Նոյեմբերյանի բնակիչ) - Լայնությունը ապահովում է, որ 2 մեքենա կարենան անց կենան, առաջ մեկը սպասում էր անկյունում, որ մյուսն անցնի:
Կարեն Աբազյանի խոսքով՝ ճանապարհաշինությունը համայնքում թափ է առել խոշորացումից հետո, հատկապես սուբվենցիոն ծրագրերով․
Կարեն Աբազյան - Խոշորացման արդյունքում բյուջեի մեծությունը թույլ է տալիս մեզ նաև նման ծախսեր կատարել, ինչպես նաև միանշանակ՝ պետության աջակցությամբ, որովհետև համայնքը միայնակ չի կարող այդ ամենն իրականացնել, սա համայնքի համար բավականին թանկ հաճույք է:
Նորոգման սպասող ճանապարհներ դեռ կան և՛ քաղաքում, և՛ գյուղերում, բայց արդեն՝ գալիք տարում, նոր խոշորացումից հետո: