ՂԱԶԱԽՍՏԱՆ
ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԸ
Ղազախստանի ամենաբազմազավակ ընտանիքը բնակվում է Հյուսիսային Ղազախստանի մարզում: Ամուսիններ Ասխատ Նուսիպովն ու Գյուլնուր Ախաևան մեծացնում են իրենց 10 որդիներին և 9 դուստրերին: Նրանցից 12-ը տարբեր ազգության որդեգրած երեխաներ են: Բազմազավակ ընտանիքն այս կերպ կարողացել է պահպանել գյուղական դպրոցը, որն աշակերտների պակասի պատճառով փակման եզրին էր:
Երեխաներից ավագը 19 տարեկան է, իսկ կրտսերը վերջերս է դարձել 2 տարեկան: Մեծ երեխաները հոգ են տանում փոքրերի մասին: Բացի այդ, գրեթե բոլոր հարցերում օգնում են ծնողներին: Կենդանիներին են պահում, միասին կերակուր են պատրաստում:
Յուլիան իր նոր ընտանիք է եկել երեք տարի առաջ և շատ հեշտությամբ է ընտելացել նոր միջավայրին, նոր քույր-եղբայրներին:
Յուլիա Ռոդինովա (բազմազավակ ընտանիքի 12-ամյա դուստրը) – Մայրիկը ցանկանում է, որ մենք խելացի և դաստիարակված լինենք, մեզ շատ բան է սովորեցնում: Հայրիկը նույնպես օգնում է, փորձում է հնարավորինս երկար ժամանակ անցկացնել երեխաների հետ: Ես սիրում եմ իմ մայրիկին ու հայրիկին:
Նուսիպովների ընտանիքը Հյուսիսային Ղազախստանի մարզ է տեղափոխվել 2017 թվականին, պետական «Էնբեկ» ծրագրի շրջանակում: Տեղացի ձեռներեցները նրանց համար վեցսենյականոց տուն են գնել: Գյուլնուրն անմիջապես դարձել է տեղի դպրոցի տնօրեն: Եվ հենց այդ ժամանակ որոշում է կայացվել, որ աշակերտների ոչ բավարար թվի պատճառով դպրոցը պետք է փակվի: Իրավիճակը փրկելու համար ամուսինները որոշել են երեխաների որդեգրել:
Գյուլնուր Ախաևա (բազմազավակ մայր) – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի երբ մեր երեխաները մեծանան, մասնագիտություն ունենան, որ կարողանան իրենց հացը վաստակել: Ուզում ենք, որ արդարացնեն մեր ներդրած ջանքերը և դաստիարակված մարդ մեծանան:
Գյուղի դպրոցի ճակատագիրը փրկելուց հետո Գյուլնուրը ստիպված է եղել հրաժարվել դպրոցի տնօրենի պաշտոնից, որպեսզի կարողանա հոգ տանել իր մեծ ընտանիքի մասին: Նա այժմ միայն որպես ուսուցչուհի է աշխատում, իսկ ազատ ժամանակ դուստերին կարուձև է սովորեցնում:
Տան հայրն էլ երկու տեղ է աշխատում, որպեսզի երեխաները ոչ մի բանի կարիք չունենան:
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ԱՎՍՏՐԱԼԱՑԻ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ
Ավստրալիայի Հանթեր հովտի գինեգործները մեծ խանդավառությամբ են ընդունել իրենց հաճախորդների՝ գինեգործական գործարաններ վերադարձի փաստը: Մարդիկ ուրախացել են, որ, վերջապես, ամիսներ տևած քովիդ-19-ի սահմանափակումներից հետո կարող են մի փոքր շունչ քաշել:
Սեղանները լեփ-լեցուն են եղել մարդկանցով, որոնք եկել են վայելելու Հանթեր հովտի գինին, մասնակցելու գինիների համտեսին և իրենց հավանած խմիչքի մեծ պաշարներ են գնել՝ տուն տանելու նպատակով:
Շատերը տարբեր քաղաքներից են ժամանել և միմյանց հենց այս գինեգործարան հաճախելով են ճանաչում: Երկար ժամանակ իրարից լուր չեն ունեցել, այնպես որ, ոչ միայն ըմբոշխնում են գինին, այլև վայելում են միմյանց ընկերակցությունը:
Կուրթ Նիլոն (գինու գործարանի մենեջեր) – Մենք պատրաստ էինք ամեն ինչ անելու՝ այս վիճակը հաղթահարելու համար: Հիմա կարող ենք նույնիսկ առցանց համտեսումներ կազմակերպել, ինչից հետո, վստահ եմ՝ ավելի մեծ թվով հաճախորդներ կունենանք: Մեզ լոքդաունն այլևս չի վախեցնում: Մեր գործն ընտանեկան բիզնես է, այստեղ ամբողջ ընտանիքն է կանգնած թիկունքիդ:
Փորձում են կորոնավիրուսի համավարակից մի փոքր ուշքի գալ նաև հովտի ռեստորանները: Դրանցից մեկի մենեջերի խոսքով՝ իրենց մոտ տեղերն արդեն ամրագրված են մինչև գալիք տարվա փետրվար:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԱՖՐԻԿՅԱՆ ՍԱՖԱՐԻ՝ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՆԱՊԱՏՆԵՐՈՒՄ
Սաուդյան Արաբիան իր բնակիչներին և զբոսաշրջիկներին առաջարկում է զգալ սաֆարիի ամբողջ հմայքն իր մայրաքաղաք Էր Ռիադի անապատում: Այստեղ աֆրիկյան ավելի քան 700 կենդանի է ապրում:
Առյուծներն ու վագրերն այդ կենդանիներից ընդամենը երկուսն են, որոնք դրսից են բերվել թագավորություն և բնակություն հաստատել 175 հազար քառակուսի մետր տարածք ունեցող սաֆարիում: Այցելուները մեքենաներով կարող են շրջել այս տարածքում և տեսնել կենդանիներին, շատերը՝ գուցե առաջին անգամ:
Մուջահդ Ալամիրի (սաֆարիի այցելու) – Մենք սովոր չենք Սաուդյան Արաբիայում սաֆարիներ տեսնել: Ավելի շատ կենդանաբանական այգիներ ենք հաճախում, որտեղ կենդանիներին տեսնում ենք ճաղավանդակների մեջ: Մինչդեռ այսօր հակառակ պատկերն ենք տեսնում, և բոլորն էլ երջանիկ են թվում: Չէինք սպասում, որ Էր Ռիադում մի օր կզգանք Աֆրիկայի շունչը:
Սաֆարիում կարելի է հանդիպել ջայլամների, եղնիկների և փղերի: Նրանց տեսնելու համար տեղացիներն այլևս ստիպված չեն լինի մեկնել արտասահման:
Ճաղավանդակներով հագեցած հատուկ մեքենաներ են աշխատում այցելուներին սաֆարիում զբոսանքի տանելու համար: Մեկ մեքենայում միաժամանակ 32 այցելու է տեղավորվում: Մեկ զբոսանքի արժեքը մեկ անձի համար 40 դոլար է: Իսկ անհատական մեքենաներով պտտելու դեպքում` 266 դոլար:
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ. ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Մի խումբ հրաձիգներ հավաքվել են Շվեյցարիայի Լյուցեռն լճի ափին, որպեսզի մասնակցեն դիպուկահարության շվեյցարական ավանդույթին իրենց համար մի սուրբ վայրում, որտեղ հիմնադրվել է երկիրը:
Սա ամենամյա «Ռուետլիշիսեն» կամ «Ռուետլիի հրաձգություն» կոչվող միջոցառումն է, որի արմատները հասնում են մինչև 1848 թվականը, երբ հիմնադրվել է ժամանակակից Շվեյցարիան:
Շվեյցարացիները Ռուետլի մարգագետնին վերաբերվում են որպես մի վայրի, որտեղ 1291 թվականին երեք կենտրոնական կանտոնները հանդիսավոր երդմամբ հիմնել են Շվեյցարիայի համադաշնությունը: Ահա թե ինչու այս վայրը, զգացմունքային առումով, անչափ կարևոր է տեղացիների համար: Այն ուխտատեղի է յուրաքանչյուր հայրենասեր շվեյցարացու համար:
Մոտակա Լյուցեռն քաղաքի հմուտ հրաձիգները կենտրոնական կանտոնների իրենց ընկերների հետ ամեն տարի հավաքվում են այստեղ` ոգեկոչելու 1291 թվականի երդումը, հարգելու Շվեյցարիայի ինքնիշխանությունը և հրաձգություն կազմակերպելու, ինչը կարող է կամրջել հին ու նոր Շվեյցարիան:
Այս տարվա մրցույթին մասնակցել է հազարից ավելի հրաձիգ Շվեյցարիայի տարբեր ծայրերից: Նրանց ոգևորել են հարյուրավոր հյուրեր:
ԻՏԱԼԻԱ
ՀՍԿԱ ՍՊԻՏԱԿ ՏՐՅՈՒՖԵԼԻ ԱՃՈՒՐԴ
Ընդամենը 830 գրամ քաշ ունեցող իտալական սպիտակ տրյուֆելն աճուրդում վաճառվել է 103 հազար եվրոյով: Աճուրդը կայացել է հիասքանչ Գրինզան Կավուր ամրոցում, որը 13-րդ դարի շինություն է:
Թանկարժեք սունկը տեղափոխվել է Հոնկոնգ: Աճուրդին մասնակցել են նաև մարդիկ Սինգապուրից, Դուբայից և Մոսկվայից: Սպիտակ տրյուֆելն աշխարհի ամենացանկալի և թանկարժեք սննդային բաղադրիչներից է: Այն գնել է Միշլենի աստղերի արժանացած իտալացի խոհարար Ումբերտո Բոմբանան, որն աշխատում է Հոնկոնգի «Օտո է Մեցո» ռեստորանում:
Իտալիայի Պիեմոնտի հյուսիսարևմտյան շրջանը հայտնի է որպես Իտալիայի տրյուֆելների կենտրոն: Տրյուֆելները յուրահատուկ համ ու բույր ունեն, դրանք սովորաբար աճում են հողի տակ, լինում են 2-8 սանտիմետր խորությամբ: Աճում են հիմնականում ծառերի արմատների հարևանությամբ: Տրյուֆելներին կարելի է գտնել դրանց հոտի շնորհիվ: Դա է պատճառը, որ, այսպես ասած, «տրյուֆելի որսի» մարդիկ, սովորաբար, գնում են շների ուղեկցությամբ: Հենց նրանք էլ, իրենց բացառիկ հոտառության և հատուկ վարժեցված լինելու շնորհիվ գտնում են տրյուֆելները:
Պատմական Ալբայի Սպիտակ տրյուֆելների միջազգային տոնավաճառն ամեն տարի մոտ 100 հազար այցելու է ունենում ամբողջ աշխարհից: Մարդիկ գալիս են Պիեմոնտ` գնելու, վաճառելու և հոտոտելու թանկարժեք տրյուֆելները: Ի տարբերություն սև տրյուֆելների, որոնք կարելի է աճեցնել պլանտացիաներում, սպիտակ նրբագեղ տրյուֆելներն աճում են միայն բնական ճանապարհով և միայն անտառներում:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՄԻ ԿՏՈՐ ԱՐՎԵՍՏ ՏՈՐԹԵՐԻ ՎՐԱ
Տորթերի հորդանանցի ձևավորող Լինա Քթեյշատը համատեղում է թխելու հանդեպ իր մեծ սերն իր մեկ այլ սիրո` արվեստի հետ: Նա հատուկ առիթների համար բացառիկ տորթեր է ստեղծում: Երկրաչափական պատկերներից և հորդանանյան արվեստից ոգեշնչված` Քթեյշատը նկարիչներին պատվիրում է նկարել իր տորթերի վրա:
Լինա Քթեյշատ (տորթերի ձևավորող) - Մենք բազմաթիվ փայլուն նկարիչներ ունենք, նրանց գործերին նայելիս միայն հաճույք ես ստանում: Մի օր մտածեցի, որ վատ չէր լինի, եթե իմ տորթերի վրա նկարեին: Եթե ամեն ինչի վրա կարելի է նկարել, ինչո՞ւ չփորձել նաև տորթերի վրա:
Քթեյշատն իր տորթերը ձևավորելու, նաև նկարելու համար մակերևույթ ստանալու նպատակով շոկոլադ է օգտագործում, իսկ կիրառվող ներկանյութերը բացառապես բնական են:
Տորթերի վրա աշխատող նկարիչներից է Ջեհադ Հադադը, որը վստահեցնում է, թե այս աշխատանքն իսկական մարտահրավեր է իր համար:
Ջեհադ Հադադ (նկարիչ) – Գործ ենք ունենում ոչ ավանդական մակերևույթի հետ, որն ամեն անգամ տարբեր է: Ամեն նոր տորթ նոր մարտահրավեր է մեզ: Իսկ դա, իրականում, արվեստագետներին դուր է գալիս:
Չնայած Քթեյշատի տորթերը մյուսների համեմատ մի փոքր ավելի թանկ արժեն, գնորդների պակաս բոլորովին չի զգում, քանի որ մարդիկ հաճույքով են արտասովոր տորթեր պատվիրում իրենց սիրելիների համար:
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
Վենեսուելայի «Էլ Սիստեմա» կոչվող նվագախումբը ցանկանում է հայտնվել Գիննեսի համաշխարհային ռեկորդների գրքում: 12 հազար երաժիշտները միաժամանակ 5 րոպեից ավելի անընդմեջ դասական երաժշտություն են նվագել, քանի որ մտադիր են առաջ անցնել Ռուսաստանից, որը մոտ երկու տարի առաջ աշխարհի ամենամեծ նվագախմբի ռեկորդն է սահմանել:
Երաժիշտները կատարել են Չայկովսկու «Սլավոնական երթը»: Ընդհանուր առմամբ, նվագել են 10 րոպե: Իրենց նպատակը կյանքի կոչելու համար օգտագործել են Կարակասի ռազմական ակադեմիայի բակի տարածքը:
Դիեգո Լուզարդո (նվագախմբի ղեկավար) - Իհարկե սա մեծ պատասխանատվություն է: Նվագախմբի անդամներին հորդորել եմ ոչ մի դեպքում չհանձնվել: Երազանքներն իրականություն են դառնում, սակայն դրա համար հարկավոր է համառ լինել և պայքարել մինչև վերջ:
Մի քանի օրից, Գիննեսի գրքի ներկայացուցիչները կհայտնեն,՝արդյոք գրանցո՞ւմ են ռեկորդը, թե՞ ոչ: Ներկայում այդ ռեկորդը պատկանում է Սանկտ Պետերբուրգի նվագախմբին: Ելույթ են ունեցել 8097 երաժշտի մասնակցությամբ:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՉՄՈՒՇԿՆԵՐՈՎ ՔԱՀԱՆԱՆ
Ռուս քահանա Ալեքսանդր Դուբասովը 50 տարեկանում դարձել է տափօղակով հոկեյի մրցավար, որպեսզի, ինչպես ինքն է ասում, մարդկանց և Աստծուն ծառայի եկեղեցուց դուրս:
Դուբասովը, որն այժմ Եկատերինբուրգի մերձակայքում գտնվող Կոսուլինոյի եկեղեցու քահանան է, մինչև անցյալ դարի 90-ական թվականները հաջողակ գործարար էր, սակայն մի օր որոշեց կտրուկ փոխել իր գործունեության ոլորտը:
Նա խոստովանում է, որ մանկուց սիրել է հոկեյը, և երբ տարիներ անց իր երեխաներին սահադաշտ է բերել, հիշել է մանկության երազանքի մասին: Իր համայնքում մի քանի համախոհների է գտել, և սկսել են ազատ ժամանակ հոկեյ խաղալ:
Ալեքսանդր Դուբասով (քահանա) - Խոսքը միայն հոկեյը վայելելու մասին չէ, ես իմ այս քայլով նաև ծառայում եմ մարդկանց ու Աստծուն: Մարդիկ միշտ հարցեր են տալիս եկեղեցու, մարդկանց, հարաբերությունների և այլ բաների մասին: Հասկացա, որ սա հիանալի ծառայություն է: Փաստորեն, կարող եմ ծառայել այնտեղ, որտեղ հնարավորություն ունեմ:
Քահանան ասում է, որ մրցավարի համար անչափ կարևոր են սառույցի վրա սահելու հմտությունները: Նա քիչ թե շատ կանոններին տեղյակ էր, սակայն մրցավարական դպրոց ընդունվելն անհրաժեշտություն էր:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՔՅՈՒՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ
Լոնդոնի հարավարևմտյան Քյու արվարձանում գտնվող թագավորական բուսաբանական այգին լուսավորվել է տոնական լույսերով: Սա իններորդ տարին է, ինչ անցկացվում է «Սուրբ Ծնունդը Քյուում» խորագրով միջոցառումը: Կարելի է հանդիպել ինչպես հին, այնպես էլ նոր ինստալյացիաների: Վառվում է ավելի քան մեկ միլիոն լույս:
Դայրի Բասրա (միջոցառման ղեկավար) - Իրականում ոչ ոք չի կարողացել հաշվել բոլոր լույսերը, այնքան շատ են, այս տարվա արահետն էլ ավելի երկար է: Ամեն տարի մենք փորձում ենք ինչ-որ նոր բան բերել:
Միջոցառման կազմակերպիչները հատուկ զգուշությամբ են տեղադրել լույսերը և լուսային ինստալյացիաները, քանի որ չեն ցանկացել, որ որևէ ծառ վնասվի լույսի տաքությունից: Ամեն մանրուք հաշվի է առնված՝ ստանալու համար ոչ միայն գեղեցիկ ու հեքիաթային տեսարան, այլև ապահով միջավայր բուսաբանական այգու ինչպես այցելուների, այնպես էլ բուսականության համար: Լույսերի տեղադրմանը մասնակցել է ավելի քան 100 մարդ:
Դե իհարկե, ինչ Սուրբ Ծնունդ առանց Սանտա Կլաուսի և իր էլֆերի: «Սուրբ Ծնունդը Քյուում» ինստալյացիան բաց կլինի մինչև գալիք տարվա հունվարի 9-ը:
ՖՐԱՆՍԻԱ
ՓԱՐԻԶԵՑԻՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՇՈՒՆՉԸ
Փարիզեցիներն արդեն սկսել են վայելել Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի հանրախանութներից մեկի ամենամյա սուրբծննդյան զարդարանքները, թեև ամբողջ երկիրը պայքարում է քովիդ-19-ի դեպքերի նոր աճի դեմ:
Իզաբել Լեբո (Փարիզի բնակիչ) – Այս ամենը ֆանտաստիկ է, մենք ամեն տարի վայելում ենք այս տեսարանը: Մարդիկ նույնիսկ շտապում են տեսա- ու լուսանկարահանվել և ուղարկել իրենց հարազատներին ու ընկերներին:
Առայժմ որքան էլ իշխանությունները հակառակն են պնդում, իրականում մարդիկ մտավախություն ունեն, որ հնարավոր է կորոնավիրուսի պատճառով նոր լոքդաուն հայտարարվի, և իրենք չհասցնեն վայելել այս գեղեցկությունը: Ահա թե ինչու այս օրերին բոլորը թողել են իրենց գործն ու շտապել այստեղ, որպեսզի ոչ մի դեպքում Սուրբծննդյան շունչն զգալու առիթը բաց չթողնեն: