Վրաստանում համաճարակային իրավիճակը դարձյալ լարված է: Օրական վարակվածության նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, մահվան դեպքերը՝ մի քանի տասնյակը՝ գրում է Aliq.ge-ն։
Ըստ New York Times-ի՝ վերջին 7 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացության տվյալների համաձայն՝ 100 000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղում է։ Երկրում մահացածների թիվը 100 հազար բնակչի հաշվով 2,01 է, մահացության միջին օրական ցուցանիշը՝ 74,7։
Երկրորդ տեղում է Բուլղարիան է՝ 100 000 բնակչի հաշվով մահացության մակարդակը 1,85 է։ Ըստ նույն տվյալների՝ երրորդ տեղում է Մոլդովան՝ 100 000 բնակչի հաշվով 1,82 մահացությամբ։ Չորրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ 100 հազար բնակչի հաշվով մահացությունը 1,54 է։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 1851 նոր դեպք, ևս 55 մարդ մահացել է։
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական՝ «կանաչ անձնագիր»։ Եթե Covid անձնագիր չունեցող անձը մուտք գործի հանրային վայր՝ ռեստորաններ, սրճարաններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, զվարճանքի կենտրոններ, մարզասրահներ, խաղատներ, հյուրանոցներ, հանգստավայրեր, ճոպանուղիներ և այլն, տուգանքը կկիրառվի ոչ թե քաղաքացու, այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում այն կկազմի 2000 լարի (640 դոլար), իրավաբանական անձի դեպքում՝ 10 000 լարի (3200 դոլար)։ Այս մասին հայտնում է աշխատանքի տեսչությունը։
Մանկական ժամանցի կենտրոններում Covid անձնագիր պարտավոր են ներկայացնել չափահաս (18 տարեկանից բարձր) քաղաքացիները։
Անձը «կանաչ» կարգավիճակ ունի, եթե նա ամբողջությամբ պատվաստված է կամ անցել է 72-ժամյա վավերականության PCR թեստ կամ 24-ժամյա վավերականության հակամարմինների թեստ, կամ վարակվել է և կազդուրվել։