Հայաստանի իրավակարգավորումները սահմանում են, որ մի շարք ոլորտներում աշխատողները պետք է ենթարկվեն առողջական վիճակի պարտադիր և պարբերական բժշկական զննության՝ հաստատելու, որ չունեն այս կամ այն վարակիչ հիվանդությունը և դրա փոխանցման կամ զանգվածային թունավորման սպառնալիք չեն ստեղծում:
Պատահական ընտրությամբ այցելեցինք հանրային սննդի տարբեր օբյեկտներ: Ոչ բոլորում էր, որ համաձայնեցին խոսել թեմայի շուրջ և ներկայացնել, թե աշխատակիցներն ինչ հետազոտություններ են անցնում ու ինչ հաճախականությամբ: Բայց հակառակ պատկերը ևս կար:
Դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, կրթական հաստատություններ, հյուրանոցներ, կոսմետիկ միջոցներ արտադրող կազմակերպություններ, գեղեցկության սրահներ. սա գործունեության ոլորտների այն փոքր ցանկն է, որտեղ աշխատողները պետք է համապատասխան հետազոտություններ անցնեն աշխատանքի ընդունվելիս, իսկ հետագայում էլ՝ բուժզննում տարին կամ կիսամյակը մեկ անգամ:
Ժաննա Եղիազարյան - Բուժոլորտը այն ոլորտն է, որ կարևոր է անցնել սանիտարական հետազոտություն, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի հաճախորդների, պացիենտների հետ փոխհարաբերության ընթացքում: Տարվա մեջ երկու անգամ անցնում ենք հետազոտություն, որպեսզի առողջական խնդիրների պարզաբանում լինի:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որ վերահսկողություն է իրականացնում, փաստում է՝ խախտումները շատ են:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ)- Շատ դեպքերում մենք արձանագրում ենք, որ չունեն սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական, պարբերական զննությունների, բայց միայն սանիտարական գրքույկի առկայությունը դեռևս բավարար չէ, և գործատուները պետք է հետևեն իրենց աշխատակիցների առողջական վիճակին և թույլ չտան աշխատակիցներին ներգրավվել սննդամթերքի պատրաստման գործընթացին, եթե ունեն վարակիչ հիվանդություններով վարակվածության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հարբուխ:
Եթե տեսչական մարմինը արձանագրում է, որ կա նախնական կամ պարբերական բուժզննություն չանցած աշխատակից, կասեցնում է նրա գործունեությունը, մինչև տվյալ խնդիրը վերացվի: Իսկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է պատասխանատվության միջոց՝ 100-300 հազար դրամ՝ կախված գործունեության տեսակից:
Թե սանիտարական գրքույկ չլինելու քանի դեպք է գրանցվել, վիճակագրությունը լռում է: Սննդամթերքի տեսչական մարմնից ասացին՝ այդ դեպքերը չեն տարանջատվում մյուս խախտումներից, և առանձին վիճակագրություն չի վարվում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան