Կավահողի դատարկված այս հանքի տարածքում մայիսից հետո միանգամից մի քանի նոր շինություն է հայտնվել։ Այստեղ է լինելու Հայաստանի առաջին սանիտարական աղբավայրը, կկուտակի Կոտայք-Գեղարքունիք՝ երկու մարզի աղբ։ Հենց այստեղ, երկրում առաջին անգամ կհաշվառեն աղբի ծավալները․ բեռնաթափման եկած մեքենաները պարտադիր կբարձրանան կշեռքի վրա, նոր առաջ կգնան: Ըստ սխեմայի է կառուցված՝ ներկայացնում է շինհրապարակի տեխհսկիչը։
Արմեն Խաչմանյան (տեխհսկիչ նախագծային «ՏրանսՊրոյեկտ» կազմակերպության կողմից) - Այստեղ լինելու է մեքենաների լվացման կայան, ունենք ջրի ռեզերվուարներ, պոմպակայան, մեքենաների արհեստանոց էլ, կողքը թունավոր նյութերի պահեստն է:
Ամեն ինչ նախագծված է եվրոպական ստանդարտների համապատասխան․ վարչական շենքում՝ աղբավայրի աշխատակիցների համար նաև հանդերձարան ու լողասենյակներ կլինեն։ Բանվորները հիմա շտապում են անցնել շենքի ներսի գործերին։ Տարածքը Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագծին է, դրսում աշխատելու համար արդեն բավական ցուրտ։ Կարևորը՝ հասցրել են պատերը կանգնեցնել, տանիքը կապել: Եթե տաքացման հարցը լուծվի՝ ձմռանն էլ կաշխատեն։
Համլետ Վարդանյան («Գոհարիկ» ՍՊԸ աշխատակից) - Պատուհան-դռները տեղադրում ենք, որ սվաղ անենք, գաջը սվաղ անենք:
Ցանկապատից այն կողմ՝ Հրազդանի գործող աղբանոցն է․ նման տեսարան նորում չի լինի։ Սանիտարական աղբավայրն ընդունելու է միայն և միայն սեղմված-բրիկետավորված աղբ, որը կցորդիչով հատուկ մեքենաներն այստեղ են բերելու Մարտունիում և Ակունքում կառուցվող փոխբեռնման կայաններից։ Թափառող տոպրակների ճանապարհը՝ փորձ է արվում փակել մոտ 2 մետրանոց ցանցերով, աղբից անջատվող կեղտաջրերն էլ՝ խողովակաշարով լճակների մեջ կհավաքեն։
Արմեն Խաչմանյան - Այստեղ 6000 քմ պետք է լինի մակերեսային ջրերի լճակ, այնտեղ էլ լճակ ունենք, որտեղ պետք է հավաքվի ու ֆիլտրացվի, որ չգնա դեպի ընդերք:
Աղբի կուտակման վայրում գարնանը կավի 1 մետրանոց լիցք կարվի, վրայից երեք շերտ ջրամեկուսիչ գեոմեմբրան կփռեն։ Շինարարական ու հողային աշխատանքների կեսն արդեն արվել է։ 11 մլն դոլարանոց ներդրումային նախագծում ուշացում-հետաձգում չկա՝ գործի ընթացքը գնահատում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության կապիտալ ծրագրերի պատասխանատուն։ Սանիտարական առաջին մեր աղբավայրը բնապահպանական առումով անթերի է լինելու՝ ասում է։
Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵն կապիտալ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների վարչության պետ) - Յուրաքանչյուր աղբի տեղադրումից հետո այն հողով է ծածկվելու, ինչը թույլ չի տալու, որ աղբի մեջ խմորման պրոցես ընթանա, թռչուն չի լինի, հոտ չի լինի կարևորը:
Ըստ նարինե Ավետյանի՝ եկող տարի էլ Երևանի համար կսկսվի նոր աղբավայրի շինարարությունը․ տեղանքն ընտրված է Նուբարաշենի հարևանությամբ, դարձյալ ՎԶԵԲ-ի աջակցությամբ՝ արդեն մրցույթ է հայտարարված։ Կեղտոտ ու գարշահոտ տեսարանները երկրում վերացնելու համար հաշվարկված է, մարզերում պետք կլինի Կոտայք-Գեղարքունիքի մասշտաբի ևս 4 ժամանակակից աղբավայր կառուցել։
Նարինե Ավետյան - Այդ առաջարկությունը քննարկել ենք ԵՄ աջակցության շրջանակում, որ ՀՀ-ին է տրամադրվելու, ու արդեն, կարծես, նախնական դրական համաձայնությունը կա այդ 4 աղբավայրի համար՝ և՛ աղբավայրը, և՛ իր գույքը, սխեմաները:
Կոշտ կենցաղային թափոնների վերամշակման գործարան ունենալու մասին խոսք դեռ չկա։ Այնպես որ՝ նոր աղբավայրերի կառուցմանը զուգահեռ հները կփակվեն. առայժմ՝ հողի շերտով։ Մինչև առաջիկա ամռան վերջ կծածկվի նաև Հրազդանը, որ սեպտեմբերից արդեն առաջին սանիտարականը շահագործվի։ Ծառայելու է, նախնական հաշվարկով, 25 տարի։